Ախալքալաքի շրջանում շուտով կսկսվի կարտոֆիլի բերքահավաքը: Այն մասին, թե գյուղացիներն ինչպիսի բերք են ակնկալում այս գյուղատնտեսական տարում, հատկապես կարկուտի հասցված վնասից հետո, կարդացեք JNEWS-ի պատրաստած նյութը:
Սեպտեմբերի 15-ից հետո Ախալքալաքի մունիցիպալիտետում կսկսվի կարտոֆիլի բերքահավաքը: Այս տարի եղանակը անձրևային էր, այդ պատճառով հողագործների մեծ մասը լավ սպասելիքներ ունի, բայց կարկուտը փչացրել է կարտոֆիլի բերքը որոշ գյուղերում ՝ Օրջայում, Խանդոյում, Հոկամում, Գոգաշենում, Մեծ Սամսարում: Ամենաշատը տուժել են Փոքր Սամսար գյուղի դաշտերը:
Ինչպիսի բերք են ակնկալում գյուղացիներն այս գյուղատնտեսական տարում
Ավագյան Մուշեղը Փոքր Սամսար գյուղից ասում է, որ այս տարի գյուղում կարտոֆիլի բերքի կեսը փչացել է կարկտահարությունից, և բերքի հետ կապված իրենք վատ ակնկալիքներ ունեն:
«Վնասը մեծ էր, բավականաչափ դաշտեր վերականգնվել են, եթե ղռավը չխփի, կարտոֆիլը կհասցնի աճել, բայց դա դժվար թե լինի, քանի որ ցրտահարությունները մեզ մոտ վաղ են սկսվում: Դաշտերի 50-60% -ը վերականգնվել է, հիմա կարտոֆիլը նոր է ծաղկել: Տեսնենք, ամեն ինչ էլի ու էլի կախված է եղանակից: Այս տարի սակավ բերք ենք ակնկալում: Անցյալ տարի 1 հեկտարից 25 տոննա ենք ստացել, այս տարի 1 հա-ից կլինի 15 տոննա », – ասում է Մուշեղ Ավագյանը:
Օրջա գյուղից Գայանե Քուրդօղլյանը կիսվում է, որ կարկուտը ոչնչացրել է նաև իրենց կարտոֆիլի դաշտերը:
«Կարտոֆիլի վաղահաս սորտերը չեն վերականգնվել, մինչդեռ ուշահաս սորտերը վերականգնվել են: Անցյալ տարվա նման բերք չենք սպասում», – ասում է Գայանե Քուրդօղլյանը:
Իսկ Ալաթուման, Ազավրեթ, Բուռնաշեթ, Չամդուրա, Խոսպիո, Դիլիսկա գյուղերում, որտեղ մենք հարցրեցինք կարտոֆիլի ակնկալիք բերքի մասին, գյուղացիները բավականին լավատես էին տրամադրված:
Ազավրեթ գյուղից Սոս Եղիազարյանը կարծում է, որ այս տարի լավ բերք կլինի:
«Ճիշտ է, կարտոֆիլը դեռ չենք հավաքել, բայց այս տարի անձրևոտ եղանակ էր, լավ բերք կլինի, անցյալ տարի լավ բերք ունեցանք, և հուսով ենք, որ այս տարի էլ այդպես կլինի», – ասում է նա:
Ազավրեթ գյուղից Հովիկ Տիտոյանն ասում է, որ կարտոֆիլի տերևներն ու ցողունները լավն են, բայց մինչ բերքը չհավաքեն, չգիտեն, թե ինչպիսին է այն:
«Ցողունները լավն են, բայց մենք չգիտենք, թե ինչ է հողի տակ, մենք դեռ ոռոգման փուլում ենք, ես ցանել եմ 40 հար կարտոֆիլ: Որոշ մարդիկ արդեն քանդել են և վաճառում են: Ասում են հիմա Թբիլիսիում 1 կգ-ն արժի 80 թեթրի, ում փող է պետք, նրանք վաճառում են », – ասում է Հովիկ Տիտոյանը:
Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովն ամենալավ հույսերով է սպասում բերքահավաքին:
«Մենք ակնկալում ենք, որ լավ բերք կլինի, բացի այդ, այս տարի մունիցիպալիտետում ավելացել է կարտոֆիլի դաշտերը: Արդյունքը միևնույն է տեսանելի կլինի սեպտեմբերի վերջին: Ակնկալիքները լավն են, բայց տեսնենք ինչպիսին կլինի որակը: Կարծում եմ շատերը չեն կարողացել նորմալ մշակել բերքը », – մեկնաբանում է Մախարե Մացուկատովը: