Ախալքալաքի մունիցիպալիտետը տեղական բյուջեից միջոցներ է հատկացրել Գոման գյուղում խմելու ջրի խնդիրը վերջնականապես լուծելու համար: Այս աշխատանքների տենդերն արդեն հայտարարված է:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման գյուղում խմելու ջուրը բավարար չէ բոլորի համար, քանի որ ջրավազանի ծավալը փոքր է, ջուրը ինքնահոսով չի հոսում, ինչի արդյունքում շուրջ 45 ընտանիք միշտ խմելու ջրի խնդիր է ունենում: Խնդիրը լուծելու համար այս տարի մունիցիպալիտետը տեղական բյուջեից 55 991 լարի է հատկացրել:

Ըստ Գոման գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Վահե Մովսիսյանի, գյուղում մոտավոր 15 ընտանիք՝ Օլավերդի կողմից, և 30 ընտանիք՝ Արագվա գյուղի կողմից, որոնք ջրամբարից շատ ավելի բարձր դիրքում են գտնվում, զրկված են ինքնահոս խմելու ջրից, քանի որ ջուրն ինքնահոսով չի հոսում այնտեղ, դրա համար օգտագործվում են պոմպեր, իսկ պոմպերը հաճախ են փչանում, մարդիկ անընդհատ դժգոհում են:

Ըստ նրա, 2019 թ.-ին, «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում հատկացված 16000 լարիով բնակիչները կառուցել են ջրավազան, սակայն դա չլուծել խմելու ջրի խնդիրը:

«Այս տարի տեղական բյուջեից 55 991 լարի է հատկացվել այս խնդիրը լուծելու համար, հուսով ենք, որ ջրի խնդիրը վերջնականապես կլուծվի», – ասում է Գոման գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Վահե Մովսիսյանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը օգոստոսի 27-ին տենդեր էր հայտարարել Գոմանում ջրավազան կառուցելու համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 9-ն է: Շինարարական աշխատանքները կսկսվեն տենդերը կայանալուց հետո:

Բրատիսլավ Իգիթխանյան