Սեպտեմբերի 15-ը մոտենում է, երեխաները պետք է դպրոց գնան, բայց Ախալքալաքում առանձնակի իրարանցում չկա: Մարդիկ երկընտրանքի մեջ են՝ մի մասը գումար չունի գնումներ կատարելու, իսկ մյուս մասը՝ վստահ չէ, որ սեպտեմբերին դպրոցները կբացեն:

Գրեթե մեկ ամիս է Նալբանդյան փողոցում գրենական պիտույքներով լի վաճառասեղանները սպասում են գնորդներին: Առևտրականները վստահեցնում են անցած տարիների համեմատ առևտուրը կտրուկ նվազել է:

«Այս տարի, անցած տարվա առևտրի կեսն էլ չկա։ Ապրանք թանկ բերում ենք, բայց անցած տարվա գներով ենք վաճառում, որպեսզի գոնե օրվա հացի գումար վաստակենք: Հիմա մարդիկ մտածում են, որ հնարավոր է դպրոցները չբացվեն, այդ իսկ պատճառով էլ կամուկացի մեջ են։ Իսկ շատերը սպասում են երեխաներին տրվող 200 լարի օգնությանը», – ասում է գրենական պիտույքներ վաճառողներից մեկը։

Նախադպրոցական գնումների իրարանցում մինչև օրս Ախալքալաքում չի նկատվում: Պատճառը մարդկանց ֆինանսական ծանր վիճակն է:

«Մարդիկ գումար չունեն, ինչպես առևտուր անեն: Կորոնավարակի հետևանքները շատ ծանր են հատկապես մեր շրջանի համար, մարդիկ առանց աշխատանք նստած են, սպասողական վիճակ է: Սարերի տարբերություն կա, անցած տարի այս օրերին ամեն մեկս 300-400 լարիի գործ էինք անում, այսօր մի կոպեկի գործ չեմ արել»,- ասում է մեկ այլ առևտրական։

Ծնողներից շատերը դեռ չեն շտապում գրենական պիտույքներ և հագուստ գնել իրենց երեխաների համար:

«Իհարկե վստահ չեմ, որ դասերը կարող են սկսվել սեպտեմբերին, բայց համենայնդեպս պատրաստվում եմ, հիմա արդեն առաջին դասարանցի էլ ունեմ, չեմ ուզում նեղացնել, ուզում եմ նրան էլ ըստ հարկի պատրաստեմ, ինչպես առաջնեկիս։ Ուզում եմ նորմալ պատրաստված լինեմ, որ եթե դպրոցներն սկսվի անակնկալի չգամ, հանգիստ սրտով երեխայիս տանեմ դպրոց։ Գրենական պիտույքների գներում փոփոխություն չեմ նկատել։ Չնայած, որ երկու աշակերտ ունեմ, բայց երկուսին էլ ամեն ինչ գնել եմ», – ասում է երկու աշակերտի ծնող Անժելա Մնացականյանը։

Հեռավար ուսուցումից խուսափում են՝ թե ուսուցիչները, թե ծնողները։

«Հեռավար ուսուցման անունն անգամ լսել չեմ ուզում։ Դա սարսափելի բան էր մեզ համար, առաջին դասարանի երեխան ի՞նչ պետք է սովորի, ինչպե՞ս պետք է սովորի։ Միանշանակ ես կողմ եմ, որ երեխաները դպրոց գնան։ Առաջին դասարանցու համար ամեն ինչ անծանոթ է։ Հենց հեռավար դարձրին, այդ ժամանակ երեխաները չկարողացան նորմալ սովորել, ավելին՝ թուլացրին, կրթության մակարդակը սարսափելի ընկավ»,- ասում է ծնողներից մեկը։

Որոշ ծնողներ էլ սպասում են պետության կողմից տրվելիք 200 լարի աջակցությանը։

grqer'

«Իմ ամուսինը Ռուսաստան էր գնում արտագնա աշխատանքի, և ամեն տարի երեխաների դպրոցի ժամանակ գումար էր ուղարկում: Այս տարի կորոնավարակի պատճառով չի կարողացել գնալ և ստիպված պարտք ենք վերցրել: Շատ ուրախացանք, երբ պետությունը որոշեց երեխաներին 200 լարի տալ, գոնե կկարողանանք երեխաների առաջին անհրաժեշտության հագուստն ու գրենական պիտույքները գնել», – ասում է երեք դպրոցահասակ երեխաների մայրը։

Գայանե Ակոջյան