Ջավախքում Սուսաննան մեկն է այն երիտասարդներից, ով ոչ միայն սիրում է հայկական մշակույթը, այլև փորձում է այն ապրեցնել։ Սիրելի զբաղմունքը, այսօր նրա համար կենսակերպ է: Կարզախ գյուղում, աշուղ Ջիվանու տուն-թանգարանում անցած տարվանից Սուսաննա Կարապետյանը կարպետագործություն է սովորեցնում:
Կապերտագործությունը Հայաստանում առավելապես տնային արհեստ էր համարվում, որով զբաղվում էին հիմնականում կանայք ու աղջիկները, երբեմն՝ նաև տղամարդիկ։
Իսկ ահա Ջավախքում կարպետագործությամբ զբաղվել են բացառապես կանայք: Կարպետներն ու կարպերտային գործվածքից իրերը եղել են նվիրատվության և նորահարսի օժիտի առարկաներ։ Աղջիկները, նախքան ամուսնանալը պարտադիր պետք է գործել իմանային և գործեին օժիտի պարտադիր մաս կազմող կարպետը:
Այսօր այդ ավանդույթներից շատերն այլևս անցյալում են, սակայն կարպետագործության հին ու գեղեցիկ ավանդույթը դեռևս լիովին մոռացված չեն: Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում, աշուղ Ջիվանու տուն-թանգարանում անցած տարվանից գործում է կարպետագործության խմբակ:
Երիտասարդ դիզայներ, մոդելավորող Սուսաննա Կարապետյանը գյուղի կրտսեր սերնդին է փոխանցում կարպետագործության ու ասեղնագործության իր գիտելիքները: Գյուղում աղջիկները մեծ սիրով ու ոգևորությամ սովորում և վերականգնում են անցյալի գեղեցիկ ավանդույթները:
«Ասեղնագործությամբ զբաղվել եմ դեռ մանկուց: Տատս է սերմանել սեր դեպի զարդակիրառական արվեստը, թելերի հետ աշխատելն ու այդ թելերի հյուսվածքներից գեղեցիկ պատկերներ ստանալը: Կարպետ գործել սովորել եմ արդեն Երևանում` ուսանելու տարիներին», – ասում է երիտասարդ դիզայներն ու շարունակում. «Տերյան մշակութային կենտրոնում աշխատելու տարիներին հատկապես սեր առաջացավ դեպի ազգայինը: Ազգային զարդանախշերի հետ աշխատելիս մեծ բավականություն և հպարտություն էի զգում: Որոշեցի այդ իմացություններն ու զգացողությունները փոխանցել նաև իմ համագյուղացիներին: Ի երջանկություն ինձ Կարզախում այսօր հրաշալի սերունդ է մեծանում: Դասընթացի մասնակիցներից շատերն արդեն ինքնուրույն կարպետներ են գործում», – պատմում է Սուսաննան:
Նրա խոսքով յուրաքանչյուր կարպետ արտահայտում է իր ստեղծման վայրի առանձնահատկությունը, պատմությունը և կենցաղը:
«Կարպետագործության արվեստը Ջավախքում վերանում է, ես էլ դասավանդելով փորձում եմ պահպանել ավանդույթները: Վստահորեն կարող եմ ասել, որ Ջավախքում հետաքրքրությունը դեպի կարպետագործությունը մեծ է: Իմ կարծիքով մեծ բաց կա այս ոլորտում», – հավելում է Սուսաննան։
Հայկական կարպետների զարդամոտիվները, լինելով բարդ ու բազմազան, հիմնականում արտահայտում են բնակչության տնտեսությունը (մանգաղ, հասկ և այլն), առասպելական կենդանիների ու երևույթների վերաբերյալ ժողովրդական պատկերացումները, կոնկրետ պատմաաշխարհագրական միջավայրի բնակչության գեղագիտական ճաշակը։ Աչքի են ընկնում հավատ և պաշտամունք, արև, լուսին և այլ երկնային մարմիններ խորհրդանշող զարդամոտիվները, մարդկանց, կենդանիների ուրվագծային պատկերները, բուսական նախշերը (կենաց ծառ, վարդյակներ, ծաղիկներ և այլն), որոնցից շատերն ունեցել են մոգական (չար աչքից պահպանելու) իմաստ։
Բրատիսլավ Իգիթխանյան