Արդեն մի քանի օր է, ինչ Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր գյուղերի բնակիչները գալիս են JNEWS-ի խմբագրություն` փոխհատուցման հետ կապված հարցերով: Մարդկանց այդպիսի հոսքի պատճառը տարատեսակ լուրերն են, որոնք պտտվում են ամբողջ քաղաքում և գյուղերում:
«Ասա, թե ինչ են խոսում բակում» – այս սկզբունքով առաջնորդվելով՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները մի քանի օր է դիմում են JNEWS-ի խմբագրություն, ինչպես նաև սոցիալական ցանցերով գրում: Պատճառը փոխհատուցումն է, որը COVID-19 համավարակի ներկայիս իրավիճակի հետ կապված, Վրաստանի կառավարության կողմից հատկացվել է տարբեր կատեգորիաների քաղաքացիներին: Այս ծրագրի արդյունքում օգնություն են ստացել նույնիսկ այն անձինք, որոնց տվյալները չեն համապատասխանել նախնական պայմաններին, օրինակ՝ Վրաստանի քաղաքացիության փոխարեն բնակության թույլտվություն ունեցող անձինք կամ այն անձինք, ովքեր անհրաժեշտ ժամանակահատվածով չեն գտնվել արտասահմանում, փոխհատուցում են ստացել:
Ախալքալաքում լուրեր են տարածվել, որ փոխհատուցումը հասնում է բոլորին անխտիր, որ 300 լարի փոխհատուցումը միանվագ չէ, այլ տրվում է 3 ամիս: Բնակիչներից շատերը դեռ ցանկանում են գրանցվել փոխհատուցման համար, չնայած այն հանգամանքին, որ գրանցման կայքը փակ է, կամ չեն բավարարում փոխհատուցում ստանալու պայմաններին: Բանկի աշխատակիցները նույնպես բնակիչներին ուղարկում են JNEWS֊ի խմբագրություն որպեսզի լրագրողները ստուգեն, թե արդյո՞ք նրանք ճիշտ են գրանցվել:
Փոխհատուցման հարցերի հետ կապված հստակության համար մենք տեղեկացնում ենք, որ ներկայումս անհնար է գրանցվել compensation.moh.gov.ge կայքում, քանի որ կայքն այլևս չի գործում: Ըստ այդմ, անհնար է նաև ստուգել գրանցման ճշտությունը: Խոպանչիների և ինքնազբաղվածների համար 300 լարի փոխհատուցումը միանվագ է: Այս պահին օգնության ծրագիրը գործում է միայն ներառյալ 17 տարեկան երեխաների համար, և կարող եք գրանցվել միայն նպաստը ստանալու համար:
Եթե Դուք բացել եք բանկային հաշիվ, նկատի ունեցեք, որ ամեն ամիս բանկը հաշվեհամարից գանձում է 50 թեթրի սպասարկման վճարը: