Ախալքալաքի շրջանի Վարևան գյուղի բնակիչները խմելու ջուրը կրում են Խանդո գյուղից: Պատճառը ոռոգման սեզոնն է, հարևան գյուղերը Վարևանի խմելու ջրով իրենց դաշտերն են ոռոգում:
Երեկ JNEWS-ի խմբագրությունը գյուղի բանկիչներից բողոք է ստացել, որ Վարևանում արդեն մեկ ամիս է խմելու ջուր չունեն:
«Մենք արդեն մեկ ամիս է խմելու ջուր չունենք, ամեն օր գնում ենք հարևան Խանդո գյուղից ենք բերում: Խնդրում ենք ուշադրություն դարձնեք մեր հարցին, քանի որ մեր հարցով ոչ ոք չի զբաղվում։ Վարևան գյուղը նմանվում է անապատի, ոչ խմելու ջուր կա, ոչ էլ ոռոգման»,- գրել է գյուղի բնակիչներից մեկը:
Խմելու ջրի խնդիրն այս գյուղում անլուծելի է դարձել, տարիներ շարունակ գյուղացիները տարվա այս սեզոնին ստիպված են լինում ջուրը կրել:
«Ամբողջ գյուղը չունի, որովհետև Էխտիլա գյուղում մեր խմելու ջրով իրենց արտերն են ոռոգում, իսկ ձմռան ցուրտ ամիսներին իրենց ջրերն են բացում, որ չսառի», – գրել է գյուղի մեկ այլ բնակիչ:
«Ես արդեն չգիտեմ ինչ անեմ, ում դիմեմ, ամեն օր շրջան եմ գալիս, բայց փաստացի այսօրվա դրությամբ գյուղում ջուր չկա: Ստիպված մարդիկ Խանդոյից են խմելու ջուրը բերում: Խոստացել են, աշխատանքներ են տարվում, մինչև աշուն պետք է վերջապես լուծվի այս խնդիրը»,- JNEWS-ի հետ հեռախոսազրույցում ասաց Վարևան գյուղի մասնագետ Միշա Ստեփանյանը:
Նշենք, որ այս տարի Վարևան գյուղի ջրամատակարարման նոր գծի կառուցման համար Տարածաշրջանային զարգացման հիմնադրամից 500 000, իսկ տեղական բյուջեից 188 250 լարի է հատկացվել: Նոր ջրագծի երկարությունը կկազմի 12.5 կմ: Ջրամատակարարման նոր գիծը չի անցնի հարևան գյուղերով և դաշտերով, այլ կանցնի ճահիճներով և անմարդաբնակ վայրերով:
Հիշեցնենք, որ Վարևան գյուղի ջրագիծը կառուցվել է 2010 թվականին: Այդ ժամանակ ծախսվել էր մոտ 180 000 լարի: Եվ քանի որ ջրագիծն անցնում է մի քանի գյուղերի միջով, այդ գյուղերի բնակիչները խմելու ջուրն օգտագործում էին ոռոգման նպատակով և ամռան ամիսներին ջուրը Վարևան չի հասնում: