Հուլիսի 22-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 1,2 հազար օտարերկրյա զբոսաշրջիկներ ուղիղ չվերթներով այցելել են Վրաստան: Այս մասին հայտարարել է Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Քվրիվիշիշվիլին:
Ըստ նրա, այս ընթացքում 14 կանոնավոր չվերթ է իրականացվել այն երկրներից, որոնց հետ Վրաստանը վերսկսել է փոխադարձ կապով օդային հաղորդակցությունը: Ընդհանուր առմամբ, այս չվերթները 2,2 հազար ուղևոր են փոխադրել Վրաստան, որից 56%-ը օտարերկրյա քաղաքացիներն են:
«Սա բավականին դրական թիվ է: Բնականաբար, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ սա նվազագույն ցուցանիշն է համեմատած նրա հետ, ինչ մենք կունենայինք, եթե չլիներ համավարակը: Սակայն մենք շատ լավ տենդենց ենք նկատում», – հայտարարել է Քվրիվիշիշվիլին օգոստոսի 19-ին Միջգերատեսչական համակարգողղ խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:
Ըստ նրա, օդանավակայանում օտարերկրացիները թեստավորվում են կորոնավիրուսի համար պատահականության սկզբունքով: Մինչ այժմ զբոսաշրջիկներից ոչ մեկի մոտ հիվանդությունը չի հաստատել:
«Պետությունը հագեցած է համապատասխան ենթակառուցվածքով տեղերում, որպեսզի թեստավորման ռեժիմն արագ և հարմարավետ լինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր գալիս են մեր երկիր», – նշել է նա:
Մարտ ամսից Վրաստանը դադարեցրել է կանոնավոր ավիաթռիչքները բոլոր երկրների հետ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Կառավարությունն ի սկզբանե խոստացել էր, որ սկսելու են ընդունել միջազգային ճանապարհորդներին հուլիսի 1-ից, բայց հետո հայտարարվեց, որ աշխարհում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով կանոնավոր միջազգային ավիաչվերթների բացումը հետաձգվում է մինչև օգոստոսի 1-ը: Այնուհետև այս ժամկետը երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 1-ը, իսկ այժմ` մինչև սեպտեմբերի 30-ը:
Հուլիսի կեսերին Վրաստանը թույլատրեց կանոնավոր ավիահաղորդակցությունը հինգ երկրների հետ: Դրանք են Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան: Այս երկրների քաղաքացիներն ու բնակիչները կարիք չունեն անցնել կարանտին՝ Թբիլիսի ժամանելուց հետո: Միևնույն ժամանակ, 12-օրյա կարանտինը մնում է պարտադիր այդ երկրներից ժամանող Վրաստանի քաղաքացիների համար:
Օգոստոսի 2-ից «Lufthansa» ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ ավիաչվերթներ է իրականացնում Թբիլիսի-Մյունխեն-Թբիլիսի: Օգոստոսի 6-ից էլ Փարիզից՝ «Air France»-ը, նույնպես շաբաթը երկու անգամ: Ինչ վերաբերում է Ռիգային, ապա «AirBaltiс»-ը դեռևս ավիաչվերթ է իրականացնում միայն շաբաթը մեկ անգամ՝ սկսած օգոստոսի 6-ից:
Կառավարության հետ համաձայնեցված, մի շարք ավիաընկերություններ, այդ թվում՝ «Georgian Airways»-ը նույնպես չարտերային չվերթներ է իրականացնում Վրաստանում:
Նյութը՝ «Новости-Грузия»-ից