Այս պահին Ախալքալաքի քաղաքապետարանում կադրային փոփոխություններ չկան, բայց բացառված չէ, որ լինեն: Երեկ հայտնի էր դարձել, որ Նինոծմինդայի քաղաքապետարանի աշխատակազմում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ, մարդիկ, ովքեր երկար տարիներ աշխատել են քաղաքապետարանում, բոլորը միասին պաշտոնաթող են եղել սեփական կամքով:

Ինչպես JNEWS-ն ավելի վաղ հաղորդել էր, Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում համատարած աշխատանքից հեռացումներ են տեղի ունեցել: Մարդիկ, ովքեր երկար տարիներ աշխատել են քաղաքապետի աշխատակազմում և իշխող կուսակցության պատգամավոր Հենզել Մկոյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել, հեռացել են աշխատանքից: Շրջանում տիրող քաղաքական իրավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Հենզել Մկոյանն այլևս չի մասնակցելու իշխող կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններին: Վերջերս սկսվել է կադրերի «մաքրում»: Դա սկսվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետից, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, նրանք հեռացել են իրենց սեփական կամքով, իսկ ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ քաղաքապետարանի աշխատողներն ազատվել են աշխատանքից:

Բնակչության մոտ հարց է ծագում՝ արդյո՞ք տեղի կունենա նման շարքերի «մաքրում» Ախալքալաքի քաղաքապետարանում ևս, ինչին Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ չկան սեփական կամքով պաշտոնաթողության դիմումներ:

«Մենք չունենք սեփական կամքով պաշրոնաթողության դեպքեր, այդպիսի դիմումներ չունենք: Ես այս պահի դրությամբ չեմ կարող ասել: Բայց մեզ մոտ լրանում են գյուղի մասնագետների հետ պայմանագրերի ժամկետները, և մենք կորոշենք, միգուցե որոշ մարդկանց հետ չշարունակենք համագործակցել: Մինչ այժմ մենք ոչ ոքի հետ պայմանագրեր չենք կնքել: Ինձ թվում է, որ մենք չենք ունենա նմանատիպ փոփոխություններ, ինչպիսին այնտեղ (խմբ. Նինոծմինդայում) եղավ», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Հիշեցնենք, որ արդեն Նինոծմինդայի գյուղերում քաղաքապետի 10 ներկայացուցիչների պայմանագրերի ժամկետները լրացել են: Մեր տեղեկություններով պաշտնաթող են եղել՝ Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի, կրթության և զբոսաշրջության վարչության պետ Ժորա Սնխչյանը, Սոցիալական ծառայության ղեկավար Արագեղեցիկ Սանոսյանը, Մշակույթի, կրթության և հուշարձանների մշակույթի վարչության պետ Լաուրա Վարժապետյանը, Կոմունալ ծառայության տնօրեն Մելս Մնացականյանը, Քաղաքապետարանի վերահսկողության ծառայության մասնագետ, Սայաթ Գյուլասյանը, Քաղաքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի մասնագետ Անդրանիկ Թևանյանը:

«Սեփական կամքով» զանգվածային հեռացումներ Նինոծմինդայում