Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հաստատված հինգ նոր դեպքերից, դեռևս չի հայտնաբերվել երկու հիվանդների վարակման աղբյուրը: Ընթանում է խորը համաճարակաբանական ուսումնասիրություն: Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:
Ինչ վերաբերում է մյուս երեք դեպքերին, ապա երկուսը արդեն վարակված հհիվանդների հետ շփումներ են, իսկ մեկը՝ ներմուծված դեպք: Այս պահին Վրաստանում կորոնավիրուսային վարակից բուժվում է 232 հիվանդ:
Էզուգբաիան նաև հայտնել է, որ վեց հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 22-ը՝ ծանր:
«Նրանք շարունակում են իրենց բուժումը COVID կենտրոնների համապատասխան վերակենդանացման բաժանմունքներում: Ծանր հիվանդների թիվն աճել է, այսօրվա տվյալներով այդպիսի 22 վարակակիր կա: Վերջին տվյալներով՝ բուժվածների թիվը 81% է կազմում, իսկ մահացության մակարդակը՝ 1,27%», – հայտարարել է Էզուգբաիան:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցը վերջին 24 ժամվա ընթացքում ընդունել է երկու նոր հիվանդի և դուրս գրել արդեն ապաքինված երեք հիվանդի: Կլինիկայում դեռ մնում են երկու ծանր հիվանդ:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք: Այս պահի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը 1 341 է: Վերջին 24 ժամվա ընթացքում կլինիկաներից դուրս է գրվել 4 հիվանդ, Վրաստանում համաճարակի սկսվելուց առ այսօր բուժվել է 1 092 մարդ, մահացել՝ 17-ը: