Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 196-ով՝ հասնելով 41 հազար 495-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 320-ով և հասել 34 հազար 484-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ երեկ իրականացվել է 1827 թեստավորում, ընդհանուր առմամբ մինչ այժմ իրականացվել է 183 հազար 789 թեստավորում:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «պացիենտները եղել են 86 (կին), 68 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 817-ի: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 242 է:

Այսպիսով, Covid-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 952 մարդ: