Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ երկրում հանցավորության վիճակը մնում է կայուն և առանձին հեռուստաալիքներին մեղադրում է մանիպուլյացիաների մեջ:

«Ես ապրել եմ այլ տեղերում էլ և հստակ գիտեմ, թե ինչ է հանցավոր վիճակը: Դժբախտաբար, դա տեղի է ունենում ամենուրեք, դա ժամանակակից աշխարհի արատն է: Այստեղ չի պատահում այնպիսի մի բան, որ տեղի չի ունենում այլուր: Վրաստանում քրեական իրավիճակn այնքան էլ ծանր չէ, որքան որոշ հեռուստաալիքներ ցանկանում են ցուցադրել», – հայտնել է Զուրաբիշվիլին լրագրողներին:

Նախագահը կարծում է, որ հանցավոր միջադեպերը լուսաբանելիս նման մոտեցումը կարող է «շատ վատ ազդեցություն ունենալ երիտասարդների և նրանց հոգեկանի վրա»:

«Երբ մարդ ապրում է այսպիսի լարված միջավայրում, դա շատ մեծ պատասխանատվություն է», — հավելել է նա:

«Ես գտնում եմ, որ մենք բոլորս պետք է ստանձնենք պատասխանատվություն, մի քիչ հանդարտվենք, կողքից նայենք ամեն ինչին: Մենք չպետք է թույլ տանք հանցավոր վիճակի վատթարացումը, բայց չպետք է այնպիսի մի հրեշ սարքենք դրանից, որը չկա մեր երկրում», – ասել է Զուրաբիշվիլին:

Ընդդիմության առաջնորդները կտրուկ քննադատությամբ են ելույթ ունեցել՝ իշխող «Վրացական երազանքի» նկատմամբ, Ախալքալաքում տեղի ունեցած անկարգություններից հետո: Ավերածությունները, որոնց մասնակցել են մի քանի տասնյակ մարդիկ, սկսվել էին օգոստոսի 8-ի երեկոյան՝ երիտասարդի սպանությունից հետո: Իշխանության ընդդիմախոսները կարծում են, որ, ընդհանուր առմամբ, երկրում հանցավորության մակարդակը զգալիորեն աճել է վերջին ամիսներին: Նրանց կարծիքով, սա ճգնաժամի պետական ​​կառավարման հետևանքն է: