Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին համաներում է շնորհել 238 դատապարտյալների, նրանցից 172-ը ազատ է արձակվել կալանքից, իսկ 66-ի կալանքի ժամկետը կրճատվել է:
Երկրի նախագահի կողմից դատապարտյալներին համաներում շնորհելու մասին լրագրողներին հայտնել է համաներման պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն:
«Պատիվ ունեմ հայտարարելու, որ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Վրաստանի նախագահը հրապարակել է 238 դատապարտյալների համաներման ակտ. 238 դատապարտյալներից 18-ը կանայք են, երեքը` անչափահասներ, իսկ 172 դատապարտյալներ թողել են բանտախցերը: Նրանցից 172 դատապարտյալների նախագահը ներում է շնորհել լիովին: 172 դատապարտյալներից 11-ը կանայք են և երկու անչափահասներ: Մնացած 66 համաներում շնորհված դատապարտյալները կմնան կալանքի տակ, նրանց կալանքի ժամկետը կրճատվել է: Այդ դատապարտվածները ընտրված են համաներման հանձնաժողովի 1452 քննարկված գործից», – ասել է Քորիձեն:
Քորիձեն նշել է, որ դատապարտյալների համաներումը վերաբերում էր ինչպես թեթև, այնպես էլ լուրջ հանցագործություններին: Նրանցից մեծ մասը դատապարտվել են թմրահանցագործության համար:
Էդիտա Բադասյան