2020 թվականի օգոստոսի 5-ին, Վրաստանի կառավարության N 1425 որոշմամբ, օրինականացվել է COVID-19-ի հետ կապված օտարերկրյա քաղաքացիների երկրում գտնվելը` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Ավելի վաղ ժամկետը սահմանվել էր մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը:

Օտարերկրյա քաղաքացու Վրաստանում գտնվելը օրինական է համարվում, եթե՝

1) Նա օրինականորեն գտնվել է Վրաստանի տարածքում՝ 2020 թվականի մարտի 14-ի դրությամբ:

2) Չի կարողացել լքել Վրաստանը մինչև օրինական գտնվելու ժամկետը լրանալը հետևյալ պատճառներով.

ա. Եթե համապատասխան ժամանակահատվածում անձի քաղաքացիության երկիրը գտնվում էր բարձր ռիսկային գոտում,

բ. Եթե այն պետության կողմից, որի քաղաքացին Վրաստանում է գտնվել, սահմանը հատելու առնչությամբ գործարկվել են սահմանափակումներ,

գ. Եթե օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձը առողջական պատճառներով գտնվում է հիվանդանոցում, կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ,

դ. Եթե նա չի կարողացել ժամանակին լքել Վրաստանի տարածքը՝ ավիահաղորդակցության բացակայության պատճառով: