ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ չնայած որոշում է կայացրել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնելու վերաբերյալ, սակայն էական փոփոխություններ են լինելու ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապված։

«Հավանաբար, սա կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը, որից հետո ԱԺ-ում կքննարկենք արտակարգ իրավիճակներով պայմանավորված օրենքներում փոփոխությունների իրականացման հարցը»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Նա նաեւ նշել է, որ վերանայվելու են օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների, ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումների, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների հարցերը՝ կախված համաճարակային իրավիճակից։ Ոլորտային վերաբացումների վերաբերյալ որոշումը կլինի օգոստոսի 12-ին։

Տիգրան Ավինյանը նշել է նաեւ, որ պարետատունը մոդելներ է մշակել հանրակրթական հաստատություններն ու բուհերը վերաբացելու համար։

«Այսօր տեղի է ունեցել առաջին քննարկումը, մինչեւ օգոստոսի 10-ը վերջնական ծրագիրը կներկայացնենք»,- ասել է նա։