Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, տուժել է նաև հայկական թաղամասը, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը։ Հայ համայնքում կան զոհեր և վիրավորներ։ Վնասաներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Al Arabiya հեռուստաալիքը հայտնել է, որ քաղաքում միանգամից մի քանի պայթյուն է որոտացել, դրանք այնքան ուժգին են եղել, որ լսվել են քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ, սակայն հետուստաալիքը հայտնել է, որ այն որոտացել է նավահանգստում գտնվող նավթահորում։

AFP-ն իր աղբյուրին հղումով նշում է, որ տասնյակ վիրավորներ կան:

Reuters-ի աղբյուրները ևս հայտնում են, որ պայթյունը քաղաքի նավահանգստում է գրանցվել, այն հատվածում, որտեղ նավթային պահեստներն են։

Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը $3-5 մլրդ է գնահատել վնասը Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից։

Աբբուդը նաև հայտնել է 10 հրշեջի մահվան մասին։ Նա հավելել է նաև, որ անօթևան մնացած բնակիչների թիվը հարյուրներով է հաշվում, գրում է ՏԱՍՍ-ը` LBC հեռուստաալիքին հղումով։

Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել, երկրում սուգ է։ 2 շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել։ Վերջին տվյալերով՝ պայթյունի հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվել, ավելի քան 4000-ը՝ տուժել է։

Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։