Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի որդին՝ Բեսարիոն (Բուսա) Ժվանիան: Նա մեղադրվում է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, գործարար Գոգի Թոփաձեի թոռան՝ Լևան Թոփաձեի վրա հարձակվելու մեջ: Այս մասին հաղորդում է «Մթավարի արխի» հեռուստաալիքը:

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ 24-ամյա Բ.Ժ-ն սառը զենքով մի քանի վնասվացք է հասցրել 22-ամյա Լ.Թ.-ին: Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել Թոփաձեի տանը, իսկ հարձակումը կատարվել է անձնական կոնֆլիկտի հիման վրա:

«Վիրավորվածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա վիրահատվել է», – հայտնել են գերատեսչությունից:

Ավելի վաղ Գոգի Թոփաձեն լրագրողներին հայտնել էր, որ կոնֆլիկտի բոլոր կողմերը հարբած են եղել: Ըստ նրա, կռիվը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երիտասարդները վերադառնալիս են եղել ռեստորանից:

Ըստ որոշ տեղեկությունների, Թոփաձեի հետ միասին վիրավորվել է նաև նրա ընկերը: Այս փուլում ՆԳՆ-ը չի հաստատում այս տեղեկատվությունը:

Ներքին գործերի նախարարությունը շարունակում է հետաքննությունը Վրաստանի ՔՕ 117-րդ հոդվածի 1-ին մասով՝ «դիտավորյալ մարմնական ծանր վնասվածք հասցնել»: Այս հանցագործությունը պատժվում է երեքից վեց տարի ժամկետով ազատազրկմամբ:

Զուրաբ Ժվանիան քաղաքական գործիչ էր, որը զբաղեցրել էր խորհրդարանի խոսնակի և Վրաստանի վարչապետի պաշտոնները, նա նաև ընդդիմության առաջնորդներից մեկն էր, որը 2003 թվականին իրականացրեց վարդերի հեղափոխությունը: Նա մահացել է 2005 թվականի փետրվարի 3-ին, 42 տարեկան հասակում: