Վրաստանում ավարտվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում առանց եկամուտի մնացած և պետությունից փոխհատուցում պահանջող քաղաքացիների գրանցումը:
Գրանցումը կատարվում էր Առողջապահության նախարարության կայքում մինչև՝ հուլիսի 31-ը: Մինչ օրս կառավարությունն արդեն վճարել է ընդհանուր 116,8 միլիոն լարիի չափով (գրեթե 39 միլիոն դոլար) փոխհատուցում:
Ըստ Զբաղվածության խթանման պետական գործակալության, հուլիսի 31-ի դրությամբ Առողջապահության նախարարության պորտալում գրանցվել է շուրջ 245,5 հազար ինքնազբաղված անձ: Դրանցից 160.1 հազար մարդ ստացել է միանվագ փոխհատուցում 300 լարիի չափով (մոտ 100 դոլար): Ընդհանուր առմամբ, նրանց փոխանցվել է ավելի քան 48 միլիոն լարի (16 միլիոն դոլար):
Պաշտոնական աշխատանքը կորցրած քաղաքացիներին վճարվել է 68,8 միլիոն լարի (գրեթե 23 միլիոն դոլար): Նրանց համար փոխհատուցումը նախատեսված է վեց ամսվա ընթացքում 1,2 հազար լարիի չափով՝ 200-ական լարի (մոտ 70 դոլար): Ապրիլին 200 լարի փոխանցվել է 90.1 հազար շահառուի, մայիսին՝ 135,6 հազարին, հունիսին՝ ավելի քան 118 հազար հոգու: Գումարները փոխանցվում են փուլ առ փուլ:
Կառավարության որոշմամբ, փոխհատուցում ստանալու համար կարող են դիմել նաև Վրաստանի քաղաքացիները, ովքեր արտերկրում աշխատել են սեզոնային աշխատանքով: Օրինակ, Աջարիայի այն բնակիչները, ովքեր աշխատում են Թուրքիայի թեյի տնկարկներում, կարող են օգնություն ստանալ:
Առ այսօր Առողջապահության նախարարության պորտալում գրանցված են այս խմբից գրեթե 35,6 հազար քաղաքացի: Դրանցից 28,7 հազարին արդեն իսկ փոխանցվել է միանվագ օգնություն՝ 300 լարիի չափով, ընդանուրը 8,6 միլիոն լարի:
Շահառուների գրանցման վերջնաժամկետն արդեն լրացել է, բայց փոխհատուցման վճարումները կշարունակվեն: Կառավարության հակաճգնաժամային ծրագրի համաձայն, պաշտոնապես աշխատանքը կորցրածներին օգնելու համար հատկացվել է 450 միլիոն լարի, իսկ 75 միլիոն լարի հատկացվել է ինքնազբաղվածներին միանվագ օգնության համար: Ընդհանուր առմամբ, մոտ 600 հազար մարդ կկարողանա փոխհատուցում ստանալ: