Վրաստանի 850 գեղեցկության սրահներից և էսթետիկ կենտրոններից 343-ին չի հաջողվել բավարարել երկրի առողջապահության նախարարության կողմից սահմանված անվտանգության չափանիշները: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստատեսությունը:
Ինչ վերաբերում է հյուրանոցներին, ապա հուլիսի 27-ի դրությամբ Վրաստանում ստուգվել են 2 775 հյուրանոցներ, որոնցից միայն 1 334-ն են համապատասխանում սահմանված չափանիշներին:
Տեսուչները հանրապետության մասշտաբով ստուգել են նաև սննդի օբյեկտները: 92 օբյեկտներից միայն 59-ն է համապատասխանում անվտանգության չափանիշներին:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու և համավարակի պայմաններում բիզնես-ոլորտի աշխատանքի վերսկսման համար մշակվել են պարտադիր հանձնարարականներ և կանոններ: Դրանք են՝ սոցիալական հեռավորության պահպանումը, մարդկանց թվաքանակի վերահսկումը, հիգիենայի չափանիշներին համապատասխանելը, մաքրման կանոնները, ախտահանիչ գորգերի տեղադրումը և այլն:
Եթե պահանջները չեն կատարվում, բիզնես-օբյեկտները նախազգուշացվում են, և եթե կրկին են խախտում, ապա տուգանվում են:
Առողջապահության նախարարությունն առաջարկում է կազմակերպել այցելուների նախնական գրանցում` հերթերից խուսափելու համար: Հինգ քառակուսի մետր մակերեսի վրա թույլատրվում է միայն մեկ հաճախորդ և մեկ աշխատող:
Աշխատանքային տարածքների միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն երկու մետր: Եթե դա հնարավոր չէ, թույլատրվում է օգտագործել տարբեր խոչընդոտներ, օրինակ՝ շարժողական պատնեշներ, վահաններ և այլն, որոնք պետք է մանրակրկիտ ախտահանվեն:
Աշխատանքը սկսելուց առաջ, սրահներն ու էսթետիկ բժշկության կենտրոնները, որոնցում աշխատում է քսան և ավելի մարդ, պետք է ամեն օր ջերմաչափեն աշխատողներին և այցելուներին` նախքան տարածք մուտք գործելը: