Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովը քննարկել է փոփոխությունների հերթական փաթեթը, որում բաշխվել են այս տարի անցկացված տենդերներից խնայված միջոցները՝ 30 443 լարին:
Երեկ՝ հուլիսի 28-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովում քննարկվեց 2020 թվականի բյուջեի հերթական շտկումը: Պատգամավորները քննարկեցին այս տարի անցկացված տենդերներից գոյացած խնայողությունները՝ 30 443 լարին բաշխելու նպատակահարմարությունը: Գումարը խնայվել է հետևյալ տենդերներից.
Կարտիկամ գյուղում խմելու ջրի համակարգի վերականգնումից` 14 271 լարի;
Երևանյան N 53 հասցեում գտնվող շենքի բակի ջրահեռացման համակարգի վերականգնումից՝ 1286 լարի;
Թամար Թագուհու փողոցի կոյուղու համակարգի վերականգնումից` 7242 լարի;
Քաղաքի փողոցների փոսային նորոգման աշխատանքներից` 7644 լարի:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Մկրտիչ Մղդեսյանը պատգամավորներին ծանոթացրել է բյուջեի փոփոխությունների հետ և պատասխանել նրանց հարցերին:
«Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավոր Սամվել Պետրոսյանի մոտ հարց է ծագել, որը նա հղել է քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության ներկայացուցիչ Գարիկ Գալիվոնջյանին, այն մասին, թե ինչու քաղաքում կոյուղու համակարգը վերականգնվել է տեղական բյուջեից, այլ ոչ թե Ախալքալաքի Միավորված ջրամատակարարման ծառայության միջոցներից, որն էլ պետք է զբաղվի քաղաքի կոյուղու համակարգերի վերականգնմամբ և շինարարությամբ:
«Թող Արտակն (նկատի ունենալով Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրենին) էլ հիմնանորոգի, չէ որ նա գումար է հավաքում բնակիչներից: Նրանք լավ աշխատանք են կատարել, սակայն, դրա համար գումարը ոչ թե պետք է հատկացվեր մեր բյուջեից, այլև՝ Միավորված ջրամատակարարման կազմակերպությունից: Քաղաքում դիտահորերը կափարիչներ չունեն, կարող էինք դա վերականգնել », – ասել է Սամվել Պետրոսյանը:
Ենթակառուցվածքների աշխատակցի՝ Գարիկ Գալիվոնջյանի պատասխանը չի բավարարել պատգամավորներին, և նրանք առաջարկել են բյուրոյին հրավիրել Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արտակ Թառլամազյանին: Պատգամավորները պարզաբանումներ են ուզում այն մասին, թե քաղաքի կոյուղու համակարգի որ հատվածն է սպասարկում Միավորված ջրամատակարարումը, իսկ որ մասը՝ մունիցիպալիտետը:
«Մենք պաշտոնական նամակով կհրավիրենք Արտակ Թառլամազյանին, որպեսզի նա բացատրի, թե ինչ են նրանք պարտավոր անել, բայց չեն անում, մենք նրան առաջին անգամ չենք հրավիրում», – ասել է Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանը:
Կոմիտեն որոշեց խնայված գումարը բաշխել հետևյալ ենթակառուցվածքային աշխատանքների համար.
Խուլգումո գյուղի մանկապարտեզի ջրամատակարարման համակարգի համար` 1536 լարի;
Օլավերդ գյուղի դպրոցի ջրամատակարարման համակարգի համար` 10 099 լարի;
Տուրցխ – Լոմատուրցխ գյուղերի ջրամատակարարման համակարգի վերականգնման համար` 17 108 լարի:
1700 լարի է հատկացվել նաև «BobCat»- ի պահեստամասերի ձեռքբերման համար, որը մունիցիպալիտետը ԵՄ ծրագրով ձեռք է բերել LAG հասարակական կազմակերպությունից:
Չնայած չպարզաբանված մնացած հարցի, թե ինչ է պարտավոր անել Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնը, պատգամավորները հաստատել են փոփոխությունների փաթեթը և այն ուղարկել Սակրեբուլոյի բյուրոյի քննարկմանը: