Հին ժամանակներից Ջավախքում ավանդական լավաշ են թխում, որը մինչ օրս յուրաքանչյուր տանտիկին յուրովի է պատրաստում: Լավաշը ոչ միայն հաց է, այլև մշակույթի մի մաս, որը կրոնական և պաշտամունքային նշանակություն ունի հայերի կյանքում՝ ինչպես Ջավախքում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղի բնակիչ Վալյա Վարդևանյանը դեռևս շարունակում է լավաշը թխել իր նախնիներից ժառանգած հին ավանդույթների համաձայն:

Տիկնոջ խոսքով, իրեն լավաշ թխել սովորեցրել են գյուղի տարեց և ավելի փորձառու բնակիչները: Այժմ նա ավելի քան 20 տարի ինքնուրույն լավաշ է թխում և փոխանցում իր հմտություններն ու գիտելիքները երիտասարդ սերնդին:

«Առաջ ես չէի կարող լավաշ պատրաստել, ինձ սովորեցրեց Մարո տատիկս», – պատմում է Վալյա Վարդևանյանը:

50128453458_a4236fa47d_o

Ավանդույթի համաձայն՝ հացը թխում են վաղ առավոտյան, իսկ թոնրի կրակը վառվում է դեռ լուսաբացին: Թխման պրոցեսը ուղեկցվում է առավոտյան օրհնություններով և աղոթքներով:

Ինչպես պատմում է Վալյա Վարդևանյանը, նախկինում տոների համար լավաշը մեծ քանակությամբ էին թխում: Այս գործընթացը տևում էր մեկ կամ նույնիսկ երկու օր: Լավաշի թխման ժամանակ հնչում էին նաև հատուկ երգեր, որոնցում նրանք գովերգում էին այստեսակ հացի համը:

Tndir 1

Ըստ ավանդույթի, Ջավախքի գյուղերում, ինչպես առաջ, այնպես էլ հիմա` լավաշ պատրաստելու գործընթացում ներգրավված է մի քանի հոգի: Ինչպես ասում են գյուղի կանայք, մի մարդու համար շատ դժվար է միայնակ կատարել այս ողջ աշխատանքը:

«Ավանդաբար, առօրյա կյանքում հաց թխելը խմբային գործընթաց էր, և մարդը չէր կարող միայնակ հաց թխել: Դա բացառապես կանացի զբաղմունք էր, և կանայք չէին ցանկանում, որ տղամարդիկ հաց թխելիս մտնեն թոնրատուն», – պատմում է Վալյան:

Սովորության համաձայն` առաջին յոթ լավաշը ոչ ոքի չեն տալիս, դրանք համարվում են ընտանիքի առատությունը: Այս ավանդույթը խորհրդանշում է աշխարհի արարման յոթ օրերը:

Բացի այդ, հաց թխելու գործընթացում ցանկացած պատահական հյուր, որը պատահաբար մտնում էր թոնրատուն, ստանում է տաք հաց` որպես մատաղ: Ասում են տաք հացը չի կարելի մերժել:

Tndir 2

Ըստ ավագ սերնդի, հին ժամանակներում լավաշը պատերազմի ժամանակ զինվորների ուղեկիցն ու պաշտպանն էր: Մայրերը լավաշը թխում էին սեփական ձեռքերով, չորացնում այն և դնում զինվորի ուսապարկի մեջ: Իր երկարատև պահպանման ժամկետի պատճառով լավաշը փրկում էր զինվորներին քաղցից:

Հայերը նաև հարսի և փեսայի ուսերին լավաշը գցելու ավանդույթ ունեն, որի ժամանակ ակնկալում են, որ հարսնացուի օջախ գալու հետ միասին հացը կավելանա: Ավանդական հայկական հարսանիքներում այս սովորույթը պահվում է մինչ օրս: Հայերը հավատում են, որ լավաշը նաև պաշտպանում է նրանց չար աչքից, ուստի լավաշը գցվում էր ոչ միայն նորապսակների ուսերին, այլև նորածինների վրա:

2

Լավաշը հայերեն բառ է, որը առաջացել է անմիջապես պատրաստման ընթացքում: Խմորը բացելուց հետո այն պետք է լավ ձգվի: Ահա թե որտեղից է ծագել այս բառը՝ «լավ քաշած», որը փոխությունների ենթարկվելով դարձել է «լավ քաշ», այնուհետև հացը ստացել է իր վերջնական անունը՝ «լավաշ»:

Հայկական ավանդական լավաշ պատրաստելու ընթացքին մանրամասն ծանոթացեք մեր տեսանյութից՝

Բրատիսլավ Իգիթխանյան