Մոսկվան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը։
«Հանդիպման ժամանակ մանրամասն մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ», – ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը և Անվտանգության խորհրդի անդամները խիստ մտահոգված են շարունակվող էսկալացիայի համար։ Նրանք շեշտել են, որ հրադադարի ռեժիմի ապահովումը հրատապ անհրաժեշտություն է կողմերի համար։
Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: