Օրեր առաջ Ախալքալաքում տեղադրվեց ամանորյա տոնածառ: Մեծ ու փարթամ բնական եղևնին կտրվել է քաղաքի կենտրոնում Ջուլետա Դեմիրճօղլյանի տան դիմացից:

Դեկտեմբերի 15-ին, Ախալքալաքի մշակույթի տան դիմաց իր տեղը գրավեց քաղաքի ամանորյա տոնածառը: Բնակիչները հիացած են տոնածառի գեղեցկությամբ: Մարդիկ այնքան են ոգևորված կանաչ գեղեցկուհու ներկայությամբ, որ շատերն ասում են՝ նույնիսկ զարդարանքի անհրաժեշտություն չկա:

Ինչպես բնական եղևնին հայտնվեց Ախալքալաքի կենտրոնում, ինչպե՞ս է այն զարդարվելու, ե՞րբ կավարտվի ամբողջական զարդարումը այս և այլ հարցերի պատասխաններն ստանալու համար դիմեցինք Ախալքալաքի շրջանային վարչություն: Պարզվեց վարչության ոչ մի բաժին իրավասու չէր պատասխանելու մեր հարցերին: Մի բաժնի աշխատողը, լայն ժպիտը դեմքին ուղարկում է մյուսի մոտ նշելով՝ այդ հարցերին ես չեմ կարող պատասխանել, գնացեք քաղաքի պատասխանատուի մոտ, իսկ քաղաքի լիազոր Արմեն Խաչատրյանն ուղարկեց ֆինանսական բաժին, ոչ մի հարցի չպատասխանելով: Ուղիղ 1 ժամ պահանջվեց մեզանից՝ անցնելու նշյալ բաժիններով:

Վերջում պարզեցինք, որ քաղաքի ամանորյա տոնածառը նվեր է, և ոչ մի թեթրի չի հատկացվել:

Ախալքալաքի բնակիչ Ջուլետա Դեմիրճօղլյանի սեփական միջամտությամբ ու ցանկությամբ կանաչ թագուհին հայտնվեց քաղաքի կենտրոնում: Արդեն մի քանի տարի է տիկին Ջուլետան դիմում է համապատասխան ծառայություններին որպեսզի կտրեն իրենց տան դիմացի եղևնին, քանի որ եղևնին այնքան էր բարձրացել, որ փակում էր տան ուղիղ կեսը:

«Արեգակի լույսը տուն չէր հասնում, շատ խոնավ էր, նույնիսկ պատին փակցված գորգը խունացած է, արմատները տուն էին հասել, դրա համար խնդրեցի՝ եկան ու կտրեցին: Իմ ցանկությունս էր, և ամանորյա նվերը քաղաքի բնակիչներին»,- ասաց Ջուլետա Դեմիրճօղլյանը: Կտրված եղևնին տիկին Ջուլետայի թոռան տարեկիցն է՝ ուղիղ 28 տարեկան:

Քաղաքի բնակիչները հակասական վերաբերմունք են արտահայտում տոնածառի կապակցությամբ: Ոմանք ուրախանում են, ոմանք էլ ափսոսում:

«Դա քաղաքային նշանակության ծառ էր, դա սեփականություն չէր, եթե նույնիսկ դա տնկել էր տանտերը, միևնույն է դա բնությանն էր: Քաղաքի գեղեցկություններից էր, մարդիկ ուրախանում էին: Եկեք ամեն տարի քաղաքից մեկ եղևնի կտրենք, ուր ենք հասնելու, կտրելուց հետո գոնե փոխարենը մեկը տնկում են, բնականաբար՝ ոչ: Առանց այն էլ մեր քաղաքը, շրջանը հարուստ չէ կանաչ տարածություններով», – ասում է քաղաքի կենտրոնում ապրող բնակիչներից մեկը:

Մեկ այլ բնակչի էլ մտահոգում տոնածառի ճակատագիրը:

«Ի՞նչ է սպասվում նրան, մեկ ամսից կչորանա ու կանհետանա: Ուրախություն է, ընդունում ենք մեծ խանդավառությամբ, բայց ի՞նչ գնով, բնությունը ոչնչացնելո՞վ: Իմ մոտ հակասական զգացողություններ են»:

tonacar