Վրաստանի իշխանությունները քննարկում են դպրոցներում դասավանդման խառը մոդելի կիրառման հնարավորությունը` ինչպես առցանց ռեժիմով, այնպես էլ անմիջապես դասասենյակներում: Այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Ըստ նրա, երկու մոտեցումների հավասարակշռված կիրառումը թույլ կտա ապահով սկսել և շարունակել դպրոցական գործընթացը:
Գաբունիան նաև հավաստիացրել է, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը վերահսկելի է: Ըստ նրա, կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի մեծ մասը, այսպես կոչված ներմուծված դեպքերն են, այսինքն` արտասահմանից Վրաստան ներկրված դեպքերը:
Այնուամենայնիվ, նախապատրաստվում են ուսումնական տարվա մեկնարկի համար, որպեսզի դպրոցական միջավայրը «հնարավորինս համաճարակաբանորեն անվտանգ լինի»: Առաջիկա օրերին կհրապարակվեն կրթության համակարգի հետագա գործունեության վերաբերյալ նոր հանձնարարականները:
«Շատ կարևոր մոդելը, որի մասին մենք մտածում ենք, և որը ճանաչված է աշխարհում, խառը մոդելն է: Այն որոշակի չափով նախատեսում է ինչպես առցանց ուսուցումը, այնպես էլ դասասենյակային ուսուցումը: Կան որոշակի հմտություններ, որոնք հնարավոր չէ զարգացնել առցանց դասերի միջոցով: Դա պահանջում է անմիջական դասարանային կամ գործնական պարապմունքներ: Բայց այն դեպքերում, երբ հնարավոր է օգտագործել առցանց մեխանիզմը, այն պետք է օգտագործվի», – հավելել է Գաբունիան: