Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը ակտիվորեն վերահսկվում է:Այս մասին երեկ լրագրողներին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Նա կողմերին կոչ է արել վերադառնալ այն իրավիճակին, որը տիրում էր մինչ ռազմական գործողությունների բռնկումը:
«Ես սերտ կապի մեջ եմ իմ գործընկեր-նախարարների հետ: Ես հեռախոսազրույցներ եմ ունեցել երկու նախարարների հետ և հայտնել եմ մեր անկեղծ վերաբերմունքն ու մտահոգությունը` կապված ստեղծված իրավիճակի հետ: Նրանք գիտեն մեր դիրքորոշումը: Մենք շահագրգռված չենք իրավիճակի հետագա սրմամբ, ընդհակառակը, կողմերը պետք է վերադառնան այն իրավիճակին, որը գոյություն ուներ մինչև ռազմական գործողությունների բռնկումը», – հայտարարել է Զալկալիանին:
Դրա հետ մեկտեղ Զալկալիանին նշել է, որ հակամարտությունն առաջին հերթին դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի աշխարհագրությունից և ներկայումս անմիջապես գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի մերձակայքում:
«Հետևաբար, անհրաժեշտ է ավելի շատ շրջահայացություն և զգուշություն: Միջազգային հանրության ավելի ակտիվ ներգրավվածությունն այս գործընթացում անհրաժեշտ է, նախևառաջ՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ակտիվացումը և բոլոր միջազգային մեխանիզմների գործարկումը, որոնք հենարան և հիմք են հանդիսանում այս հակամարտության լուծման համար», – ասել է Վրաստանի արտգործնախարարը:
Զալկալիանին կողմերին կոչ է արել անհապաղ վերջ տալ հակամարտությանը, և միջազգային մեխանիզմների միջոցով հակամարտության դե-էսկալացիային հասնել` ստորագրելու համար խաղաղության համաձայնագիրը:
Զինված դիմակայությունը սկսվել է հուլիսի 12-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, Լեռնային Ղարաբաղից 300 կմ հեռավորության վրա: Հրետանային հրետակոծումները շարունակվել են հուլիսի 13-ին և 14-ին: Վերջին տվյալներով, ադրբեջանական կողմից զոհվել է 12 մարդ, իսկ հայկական կողմից` չորսը: Կան վիրավորներ: Ադրբեջանական կողմի զոհվածների թվում կան երկու բարձրաստիճան սպաներ` գեներալ-մայոր Փոլադ Ղաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաևը: