Կառավարությունը կուղղորդի անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի մեկ անգամ ևս օգնություն ցուցաբերի կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆինանսական ծանր իրավիճակում հայտնված քաղաքացիներին: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Պաշտոնական տվյալներով, մինչ այս պահը Վրաստանի 721 հազար քաղաքացի արդեն ստացել է պետության կողմից սոցիալական օգնություն: Դրամական փոխհատուցումը վճարվում է ինքնազբաղված քաղաքացիներին, ինչպես նաև բոլոր այն աշխատողներին, ովքեր համավարակի ընթացքում կորցրել են եկամուտը կամ աշխատանքը: Բացի այդ, միանվագ օգնություն է ցուցաբերվում այն քաղաքացիներին, ովքեր սեզոնային աշխատում են տարբեր երկրներ:
«Չնայած բոլոր այն համեմատաբար դրական միտումներին, որոնք այսօր ցույց է տալիս վրացական տնտեսությունը, համավարակի պատճառով ցնցումները, այդ ցնցումների ազդեցությունը՝ շարունակվելու են առնվազն մինչև տարեվերջ: Հետևաբար, որքան հնարավոր է, մենք պետք է մեկ անգամ ևս վերանայենք բոլոր սոցիալական խմբերը, և որտեղ դրա պարտադիր անհրաժեշտությունը կա՝ ռեսուրսներ ուղղորդենք, որպեսզի օգնենք մեր քաղաքացիներին», – հայտարարել է Գախարիան:
Վարչապետը Ֆինանսների նախարարությանը հանձնարարել է վերանայել այն քաղաքացիների ցուցակը, որոնց պետությունը ցուցաբերել է սոցիալական նպատակային օգնություն, և մտածել, թե ինչ կարելի է անել նաև նրանց համար:
Գախարիան նշել է, որ գյուղատնտեսության ուղղությունը «զարգանում է դինամիկ». Ավելի քան 70 հազար ֆերմեր արդեն օգտվել է պետության աջակցության ծրագրից:
Գախարիան Գյուղնախարարության նախարարին հորդորել է ուշադրություն դարձնել խաղողի և պնդուկի բերքահավաքի մոտեցող սեզոնին:
Միևնույն ժամանակ, վարչապետը շեշտել է, որ կառավարությունը հենվել է տնտեսական ոլորտում ավելի հոռետեսական կանխատեսումների վրա:
Նրա խոսքով, չնայած բացասական սպասումներին, Վրաստանի տնտեսության մեջ որոշակի դրական նշաններ են ի հայտ եկել. Ակտիվությունը զբոսաշրջության ոլորտից դուրս ակնհայտորեն աճում է, ֆինանսական հատվածում կան բավականին դրական ցուցանիշներ՝ ինչպես հարկային եկամուտների, այնպես էլ ընթացիկ հաշվեկշռի տեսանկյունից:
«Պետք է նաև հաշվի առնել, որ չնայած մեր հոռետեսական կանխատեսումներին, եթե հաշվի չառնենք վերաարտահանումը, ինչը, առաջին հերթին, ցույց է տալիս տարածաշրջանի տնտեսության վիճակը, արտահանման անկումը կազմում է մոտ 6-7%, մեր հաշվարկներն ավելի հոռետեսական էին», – ասել է Գախարիան:
Վարչապետի խոսքով՝ ակտիվությունն ակնհայտորեն աճել է մի քանի ոլորտներում, հատկապես պետական աջակցության ծրագրի հայտարարումից հետո: Այսպիսով, վերջին ամիսներին շինարարության ուղղությամբ զգալիորեն աճել են անշարժ գույքի և շինանյութերի վաճառքները:
Գախարիան կարծում է, որ այս ամենը արդյունքն էր երկրի և նրա քաղաքացիների կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի:
«Սա տնտեսության արագ և արդյունավետ վերականգնման բանալին է», – նշել է նա: