Ջավախքում բուրդ լվանալու սեզոնը բացված է, հուլիս-օգօոստոս ամիսները «մաքրության» ամիսներ են, իսկ մաքրությունն սկսվում են բրդից: Իրեն հարգող, յուրաքանչյուր մաքրասեր տանտիկին, տարին մեկ անգամ պարտադիր լվանում է բրդյա անկողինը՝ բարձ, վերմակ, դոշակ: Ավանդույթի համաձայն, Ջավախքում կանայք բուրդը դեռևս գետում են լվանում:

Օրջա գյուղից Հայկանուշ Բասենցյանը նշում է՝ հատուկ հմտություն պետք չէ բուրդ լվանալու-չբխելու համար, սակայն կարևոր է ըստ կարգի կատարել, որպեսզի արդյունքը գերազանցի սպասելիքները: Կարևոր է, որ բուրդը հենց գետում՝ հոսող ջրում լվանան և այնքան չբխեն, որ այն ծաղկի:

Դեռ չլվացած բուրդը նախ չբխում (Խմբ. բարբառով՝ ծաղդել)են, որպեսզի այն ջուրը մտցնելուց առաջ մաքուր լինի, ապա այն լվանում են գետում: Կանայք կարևորում են, որ հենց գետում՝ քարի վրա չբխեն, այդպես բուրդ ավելի լավ է մաքրվում: Բուրդը լավ լվանալուց հետո դուրս են բերում գետից և դնում քարին, որ քամվի։ Հետո այն փռում են և սկսում նորից չբխել, այնքան են չբխում, որ բուրդը լավ բացվի։ Այնուհետև մինդարների վրա փռում են արևին, որպեսզի չորանա: Իսկ չորանալուն հետևում է «միթիլ» կարելու արարողությունը։

Սա արդեն առանձին արարողակարգ է, եթե օժիտի վերմակ են կարում, ապա հավաքվում է ամբողջ հարևանությունը և լավագույն «միթիլ թափողներն»(Խմբ. բարբառով՝ մթել կարող) անցնում են գործի: Մթելները տարբերվում են՝ հասարակ և օժիտ տալու համար։ Հասարակն առանց ձևավորման է, իսկ օժիտի վերմակները պարտադիր պետք է հավասար շարքերով, գեղեցիկ նախշեր ունենա՝ ծաղիկներ, ծառեր և այլն:

BURD

Տիկին Հայկանուշը պատմում է. «Մենք 5 քույր ենք, մայրս բոլորիս էլ անկողին է օժիտ տվել։ Կան այնպիսիները, որ չեն տալիս, դա ըստ ցանկության է։ Բայս ես խորհուրդ եմ տալիս, որ բոլորն օգտագործեն բրդյա անկողին, եթե ուզում են առողջ լինել, իսկական առողջություն է սա»:

Վերջինս առանձնակի որգևորությամբ պատմում է, որ հնում աղջիկը մինչև ամուսնանալը պետք է պարտադիր վերմակ կարել իմանար, որ ամուսնու տանը խայտառակ չլիներ:

HAYKUSH TOTA

«Մեր ժամանակ աղջիկը մինչև ամուսնանալը պարտադիր պետք է բրդյա միթիլ կարել իմանար: Աղջիկը բուրդ լվանալու, չբխելու և վերմակ կարելու «դասերը» նախ ստանում էր մորից, ապա «կատարելագործվում» սկեսրոջ մոտ: Թե չէ խայտառակ կլիներ: Հիմա աշխարհը փոխվել է, ջահելները նախընտրում են սինթեփոնե անկողին: Բայց միևնույն է, գյուղերում դեռ առաջնային է բրդյա անկողինը»,- հավելում է Հայկանուշ Բասենցյան ու շարունակում կարել վերմակը:

Ջավախքում կանայք տարեկան միջինը 4-5 ձեռք անկողին են լվանում, կախված ընտանիքի անդամների և ընդունած հյուրերի քանակից, այդ թիվը կարող է աճել մինչև 10-15 ձեռք:

Պահպանվող ավանդույթի ուժով, այսօր էլ մեզանում աղջկա օժիտի կարևոր մասը հենց բրդյա անկողնային պարագաներն են: Օժիտ են տալիս ամենաքիչը երեք ձեռք ակնողին՝ անդրանիկ թոռան և աղջկա համար:

Գյուղերում կանայք կարևորում են, որ այս ավանդույթը սովորեցնեն իրենց աղջիկներին և հարսներին, որպեսզի այն չծուլվի մերօրյա բարքերին և ժամանակի ընթացքում վերանա։

Գայանե Ակոջյան