Դեկտեմբերի 9-ին, Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնը բացօթյա ցուցահանդես էր կազմակերպել նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ցուցադրության էին ներկայացված 20-ից ավել լուսանկարներ, որոնք նկարագրում էին Հայոց Ցեղասպանությունը:

Ախալքալաքի Զորի Զորյան երիտասարդական միության նախաձեռնությամբ` Ախալքալաքի մշակույթի տան դիմաց առավոտյան 12:00-ից մինչև 18:00-ն տեղի ունեցավ բացօթյա ցուցահանդես: Ցուցադրության սկզբում երիտասարդական կենտրոնի սաները հանդես եկան ցեղասպանությունը դատապարտող կոչերով: Երիտասարդները ժամեր շարունակ անցորդներին պատմում էին ցեղասպանության և ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիայի մասին:

Իսկ Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ փառաբանական աղոթք և մոմավառություն ի հիշատակ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին:
mshakuyti tun
1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատիժներ սահմանելու, ինչպես նաև այն մասին, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի։

Կոնվենցիայով պայմանավորվող կողմերը, հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր 1946թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձևում հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ ցեղասպանությունը հանցագործություն է և հակասում է Միավորված ազգերի կազմակերպության ոգուն ու նպատակներին, և որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է այն, ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը, և համոզված լինելով, որ մարդկությունը այդ նողկալի արհավիրքից ազատելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն, սույնով համաձայնում են ներքոհիշյալի շուրջ:
cucahandes
Հարկ է նշել, որ այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.

«Այսօր մենք նշում ենք Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Այն համընկնում է 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման տարեդարձի հետ:

Այժմ ճիշտ ժամանակն է վերահաստատելու միջազգային այս լուրջ հանցագործությունը կանխելու մեր հանձնառությունը, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին և վերասահմանելու իրավական պաշտպանության միջոցների և փոխհատուցման իրավունքը՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի:

Ցեղասպանության կանխարգելումը ենթադրում է առավել մեծ ուշադրություն դարձնել նախազգուշացնող նշաններին և պատրաստ լինել անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանց դիմակայելու համար: Սա է իմ`«Մարդու իրավունքներն՝ առաջնային ճակատում» նախաձեռնության նպատակը:
Ի վերջո, ցեղասպանությունն հանկարծակի տեղի չի ունենում, այն ժամանակի ընթացքում ծավալվում է: Դա հակամարտության դիպվածային հետևանք չէ, այլ շատ հաճախ համակարգված, ծրագրավորված, հստակորեն թիրախավորված մի երևույթ, որ կարող է տեղի ունենալ նաև ոչ միայն հակամարտության պայմաններում: Այսօր ամբողջ աշխարհում անհանդուրժողականությունն ու այլատյացությունը վերընթաց աճ են ապրում: Այս վտանգավոր «մենք ընդդեմ նրանց» երևույթի դինամիկան հաճախ չարաշահվում է` արդարացնելու ինքնության տարբեր ձևերի, այդ թվում կրոնի, ազգային պատկանելության կամ այլ ձևերի հիման վրա իրականացվող համայնքների բացառումը և մերժելու աջակցությունը, սահմանափակելու մարդու իրավունքներն ու իրագործելու բռնության դաժան գործողություններ:

Ցեղասպանության կանխարգելումը միջազգային իրավունքով սահմանված յուրօրինակ պարտավորություն է: Սա հստակորեն սահմանվել է Արդարադատության միջազգային դատարանի ու այլ դատական մարմինների կողմից: Կառավարությունները պետք է գործեն ելնելով այս հրամայականից` իրենց ներդրումն ունենալով կանխարգելման ու կանխարգելիչ գործողությունների ձեռնարկման ոլորտում: Միջազգային այս նոր հիշարժան օրվա առթիվ եկե՛ք գիտակցենք առավել միահամուռ աշխատելու անհրաժեշտությունը՝ պաշտպանելով անհատներին մարդու իրավունքների կոպիտ խախտումներից և սատար կանգնելով համայն մարդկությանը»:
cucahandes1