Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջո գյուղի 7-րդ դասարանի աշակերտուհի Վեներա Ալեքսանյանը «Մեր վրաց լեզուն» մրցույթում գրավել է երկրորդ տեղը: Նա երազում է լրագրող դառնալ և գնալ Փարիզ: Իր վրա վստահ Վեներան իրեն երկչոտ է համարում, բայց համարձակորեն գնում է դեպի իր նպատակները:
«Մեր վրաց լեզուն» մրցույթն առցանց ձևաչափով, ոչ վրացալեզու դպրոցների աշակերտների համար կազմակերպել էր Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը:
Առցանց մրցույթին մասնակցել են Վրաստանի հայկական և ադրբեջանական դպրոցների ավելի քան 200 աշակերտ: Եզրափակիչ փուլ էին անցել 44 աշակերտ:
Անհրաժեշտ էր արագ և ճիշտ պատասխանել այն հարցերին, որոնք հրապարակվում էին Հանրային ալիքի էջում յուրաքանչյուր չորեքշաբթի: Մրցույթի երկրորդ փուլում ճիշտ պատասխաններ տված աշակերտներին, վերջնական որոշումը կայացնելու համար, ուղղվել էր ևս 30 հարց:
Կաջոցի 12-ամյա Վեներա Ալեքսանյանը նախ արագ և ճիշտ պատասխանել է սկզբնական հարցերին, իսկ հետո նա նաև հաղթահարել լրացուցիչ հարցերը: Նա սովորում է գյուղի դպրոցի 7-րդ դասարանում: Մրցույթի մասին իմացել է վրացերենի իր ուսուցչից՝ Մարիաննա Հակոբյանից:
Վեներա Ալեքսանյանն ասում է, որ մրցույթի հարցերը տրամաբանական էին, վրացերենի քերականությունից, ինչպես նաև այլ հարցեր:
«Ես շատ եմ սիրում վրացերենը և լավ եմ տիրապետում: Ինձ համար հարցերը շատ հեշտ էին, ես վստահ չէի, բայց հույս ունեի, որ կհաղթեի: Այս ծրագիրը ինձ շատ գիտելիքներ տվեց, և բացի այդ, դրանից հետո ես ավելի վստահ եմ ինձ զգում»,-ասում է Վեներա Ալեքսանյանը:
Վրացերենի նկատմամբ տածած սիրո և իմացության հարցում, աղջկա խոսքերով, նրա ուսուցիչը նշանակալի դեր է խաղացել: Եթե մինչ այժմ նա պարզապես սիրում էր և գիտեր լեզուն, ապա այժմն նա նաև հպարտանում է դրանով:
Վեներա Ալեքսանյանը երազում է լրագրող դառնալ:
«Լրագրողի աշխատանքը շատ հետաքրքիր է ինձ համար, ես շատ եմ սիրում, երբ մարդկանց հետ տարատեսակ հարցազրույցներ են վարում», – ասում է նա:
Սակայն, դեռ որոշ ժամանակ առաջ Վեներան երազում էր բժիշկ դառնալ, բայց հետո հասկացել է, որ բժշկի մասնագիտությունն իր համար չէ: «Ես համարձակ մարդ չեմ», – ասում է նա:
Չնայած նա իրեն համարում է անհամարձակ մարդ, բայց խոսում է վստահ, իսկ երբ խոսքը հասնում է երազանքներին և նպատակներին, նա վստահորեն ասում է, որ ամեն ինչ անելու է իր իղձերը իրականություն դարձնելու համար:
Վեներա Ալեքսանյանի մայրը՝ Գայանեն, դստերը համարում է նպատակասլաց մարդ և հպարտանում է նրանով:
«Նա շատ ինքնուրույն է, և եթե ինչ-որ բան մտադրում է, ամեն ինչ կանի իր նպատակին հասնելու համար, ցանկացած հարցում: Նա միշտ ուզում է լինել առաջինը», – ասում է Գայանե Ալեքսանյանը:
Վեներա Ալեքսանյանը ցանկանում է ճանապարհորդել աշխարհով մեկ, և շատ է ցանկանում տեսնել Փարիզը: Մինչդեռ նա իր գյուղում շրջապատված է ընտանիքի և ընկերների սիրով և վայելում է իր մանկությունը: