Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոգաշեն գյուղում դեռ պահպանվում են ավանդական օդաները` հին կացարանները: Մարդիկ այլևս դրանց մեջ չեն ապրում, սակայն այդ կացարանները շատ են հետաքրքրում զբոսաշրջիկներին:

Գոգաշեն գյուղը Ախալքալաքի մունիցիպալիտետի ամենահետաքրքիր և գեղեցիկ գյուղերից մեկն է: Այն գտնվում է ծովի մակերևույթից 1740 մ բարձրության վրա, Վարձիայից ոչ հեռու՝ Ախալքալաք քաղաքից 30 կմ հեռավորության վրա: Ըստ 2014 թվականի մարդահամարի՝ գյուղում բնակվում է 272 մարդ:

Գոգաշենի ամենահին օդան ավելի քան 100 տարեկան է: Այն դեռևս պահպանվում և օգտագործվում է Նաթենաձեների կողմից:

2

Ինչպես պատմում են տանտերերը՝ նրանք օդաներում չեն ապրում, բայց պահպանում են որպես պատմական հուշարձան, ըստ նրանց, նախքան օդայի կառուցումը, իրենց նախնիներն այս տարածքում են ապրել, այժմ այդ տարածքը օգտագործվում է որպես նկուղ:

Օդան ինքնին շատ հետաքրքիր է ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների համար, ովքեր սիրում են այցելել նմանատիպ վայրեր:

«Զբոսաշրջիկները հաճախ են գալիս այստեղ: Երբ նրանք այցելում են, լուսանկարում են գրեթե ամեն ինչ, ինչ կա այստեղ՝ նույնիսկ ամենաչնչին մանրուքները», – կիսվում է Գոգաշենի ամենահին օդայի սեփականատեր Նելլի Զեդգինիձեն:

1

Գիորգի Նաթենաձեն պատմում է, որ այս օդան կառուցել է իր պապը՝ ավելի քան մեկ դար առաջ:

«Ինչպես պատմում էր պապիկս, նա օդան սկսել է կառուցել 1911 թ.-ին, բայց այն պատճառով, որ սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, շինարարությունը տևել էր մինչև 1920 թվականը», – պատմում է նա:

Ըստ տանտիրոջ, այդ ժամանակաշրջանում շինանյութը բերվում էր Բակուրիանիից՝ եզների օգնությամբ:

3

Տանտիրուհին պատմում է, որ ժամանակին փայտահարկերը որպես մահճակալ էին ծառայում և ընտանիքի բոլոր անդամները քնում էին նույն «մահճակալում»: Սենյակը լուսավորում է առաստաղի փոքրիկ անցքը՝ ստեղծելով հետաքրքիր պատմական մթնոլորտ:

Ըստ Գիորգի Նաթենաձեի, մինչև 1970-ականները նրանք ապրում էին օդայում, և միայն դրանից հետո են տեղափոխվել ժամանակակից տներ: «Ես հիմա էլ կգերադասեի ապրել օդայում, երբ քնում ես այդտեղ, ավելի հեշտ է շնչել», – խոստովանում է նա:

1

Այսօր Գոգաշեն գյուղում մարդիկ այլևս օդաներում չեն ապրում: Հին կացարաններին փոխարինել են հարմարավետ, ընդարձակ ու ժամանակակից տները: Հիմնականում օդաները բնակելի սենյակներից վերածվել են կիսախարխուլ սենյակների կամ գոմերի, որտեղ անասուններ են պահում: Որոշ տանտերեր այն օգտագործում են որպես խոհանոց:

1

1

Գյուղացիները տանտերերին հորդորում են չվերանորոգել իրենց հին օդաները, որպեսզի չփչացնեն դրանց սկզբնական տեսքը:

Բրատիսլավ Իգիթխանյան