Թբիլիսիում և Աջարիայում վեց անձ է ձերբակալվել գողական համայնքին անդամակցելու մեղադրանքով, ևս չորսը ենթարկվել քրեական պատասխանատվության: Վրաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր բաժանմունքի և Գլխավոր դատախազության համատեղ գործողությունների մասին ճեպազրույցում հայտարարել է ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության փոխտնօրեն Գիորգի Լիլուաշվիլին:
Այս անձինք մեղադրվում են գողական հաշիվներին մասնակցելու, «օրենքով գողերի» հետ ակտիվ կապերի և գողական համայնքին անդամակցելու մեջ: Մեղադրյալներին սպառնում է 3-15 տարի ժամկետով ազատազրկում:
Գործի նյութերի համաձայն, 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին մեղադրյալների մի մասը՝ «գողական աշխարհի» անդամները, ներգրավվել են պարտքը վերադարձնելու առթիվ վեճում՝ այն բանից հետո, երբ կոնֆլիկտին մասնակից կողմերը դիմել են իրենց:
Անհամաձայնությունը կարգավորելու համար կողմերը կապ են հաստատել արտասահմանում բնակվող վրացի «օրենքով գողերի» հետ: Խոսքը Ջեյրան Կինծուրաշվիլիի մասին է՝ «Ջեյրանա» մականունով և Թամազ Քարցևաձեի` «Կուսա» մականունով: Մյուս մեղադրյալների անունները չեն բաձրաձայնվում:
Հետաքննությամբ պարզվել է, որ բնակարաններից մեկում «օրենքով գողերը» «գողական հաշիվ են մաքրել», որի արդյունքում կողմերից մեկը պետք է վճարեր երկրորդ կողմին 8 800 եվրո:
Խուզարկության ընթացքում ոստիկանության աշխատակիցները առգրավել են ձերբակալվածների համակարգչային սարքավորումները և բջջային հեռախոսները, որտեղ պահվում էին տեղեկություններ, որոնք հաստատում են մեղադրյալների առնչությունը գողական աշխարհի հետ և միմյանց հետ հաղորդակցությունը: