Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ուրբաթ օրը՝ հունիսի 26-ին, օրենսդիր մարմնում կներկայանա տարեկան զեկույցով: Այս մասին հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստատեսությունը:

Համաձայն կանոնակարգի, վարչապետի ելույթից հետո պատգամավորները հնարավորություն կունենան հարցեր հղել Գախարիային և ճշտել որոշ մանրամասներ:

Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» խմբակցության պատգամավորները պատրաստվում են ներկա գտնվել խորհրդարանի նիստին և հարցեր տալ ճգնաժամի պատճառով շտկումներ մտցված պետական բյուջեի վերաբերյալ:

Մինչդեռ ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան»-ի պատգամավորները մտադիր են բոյկոտել վարչապետի ելույթը: Այսպիսով, կուսակցությունը շեշտում է իշխանությունների նկատմամբ իր պահանջը՝ կատարել մարտի 8-ի ընդդիմության հետ պայմանավորվածությունը և ազատ արձակել «Մթավարի» ընդդիմադիր հեռուստատեսության բաժնետիրոջը՝ Գիորգի Ռուրուային:

Գախարիան վերջին ժամանակներս խորհրդարանում ելույթ է ունեցել երկու անգամ: Առաջին անգամ, երբ նա ներկայացրեց զեկուց՝ կորոնավիրուսի ժամանակ կառավարման և արտակարգ դրության իրավիճակի մասին, երկրորդը` հարցապնդման շրջանակներում, երբ կառավարության ղեկավարը, նախարարը կամ հաշվետու մեկ այլ մարմնի ներկայացուցիչը պարտավոր են ներկայանալ խորհրդարան և պատասխանել առնվազն յոթ հոգուց բաղկացած մի խումբ պատգամավորների հարցերին: