Ախալքալաքի Միկոյան փողոցի բնակիչներն արդեն երկար տարիներ ապրում են գարշահոտության մեջ: Բաց կոյուղու պատճառով այստեղ հակասանիտարական վիճակ է տիրում: Բնակիչները մի քանի անգամ դիմել են քաղաքապետարան, բայց պատասխան չեն ստացել: Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի ղեկավարը հավաստում է, որ աշխատում է այս խնդրի ուղղությամբ, բայց չի կարող ասել, թե երբ այն կլուծվի:

Միկոյան փողոցի վերջնամասի բնակիչները բողոքում են բաց կոյուղու գարշահոտից և պահանջում են, որ տեղական իշխանությունները լուծեն այս հարցը: Երկար տարիներ նրանք արդեն տանջվում են տհաճ հոտից` խողովակի վերջում դիտահորի բացակայության պատճառով, որը եզրափակում է կոյուղագծի տվյալ հատվածը:

Ըստ բնակիչների՝ իրենք բազմիցս դիմել են քաղաքապետարան, բայց այդ հարցը դեռ լուծված չէ:

«Մենք մի քանի անգամ դիմում ենք ներկայացրել քաղաքապետարան, բայց պատասխան չենք ստացել», – ասում է Միկոյան փողոցի բնակիչը:

Բացի այդ, բնակիչները դժգոհում են, որ փողոցի վերջնամասում ոչ միայն հոտի խնդիրն է, այլև այնտեղ են թափում շինարարական աղբը:

1

Ըստ այս փողոցի բնակիչների, կոյուղու խողովակի վերջում պետք է տեղադրվի մի դիտահոր, կամ այն պետք է ինչ-որ կերպ փակվի, որպեսզի գարշահոտությունը վերանա:

Ըստ Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի ղեկավար Արտակ Թառլամազյանի, իրենք տեղյակ են խնդրի մասին: Ըստ նրա, նման խնդիր գոյություն ունի ոչ միայն Միկոյան փողոցում, այլ նաև Ախալքալաք քաղաքի այլ հատվածներում:

Նրա խոսքով՝ Թբիլիսիից ժամանել են մասնագետներ, որոնք ուսումնասիրել են բոլոր այն տեղանքները, որտեղ նման խնդիր գոյություն ունի, բայց թե երբ կսկսվեն վերանորոգման աշխատանքները, դեռ անհայտ է:

«Մենք դիմում ենք ստացել ինչպես քաղաքապետարանից, այնպես էլ բնակիչներից: Մասնագետները եկել են, նրանք ուսումնասիրել են քաղաքի բոլոր նմանատիպ մասերը: Նախ, նրանք պետք է կազմեն նախագիծ ամբողջ քաղաքի համար, որտեղ գոյություն ունեն այս և այլ խնդիրները, որից հետո արդեն կարող են սկսվել վերանորոգման աշխատանքները», – ասում է Արտակ Թառլամազյանը:

Ըստ նրա՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով աշխատանքները դեռ չեն սկսվել, և դեռևս հայտնի չէ, թե երբ կլուծվի այդ հարցը:

Բրատիսլավ Իգիթխանյան