«Մեկ դիմակ՝ մեկ կյանք» դրամահավաքը հունիսի 7-16-ը 4 740 լարի է հավաքվել: Հանգանակված գումարով բժշկական եռաշերտ 6000 դիմակ է գնվել: Եվս 3 շարժական շնչառական սարք է ձեռք բերվել բելգիահայ համայնքի աջակցությամբ: Փոխանցում է aliq.ge լրատվականը:
1000 դիմակ էլ տրամադրվել է Վրաստանում գործող «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության կողմից: Ձեռք բերված ողջ օգնությունը Հայաստան կհասնի հունիսի 19-ին: Մինչեւ վրաց-հայկական սահման տեղափոխման հարցը կազմակերպում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը, իսկ հայկական կողմից սարքերն ու դիմակներն ընդունում է «Հայաստան համահայկական հիմնադրամը»: Ի դեպ, Հայաստանին օգնել ցանկացողների թվում ոչ միայն հայեր են այլ նաև վրացիներ։
Լրագրող Գայանե Բոստանջյանը Ալիքի հետ զրույցում ասել է. «Գաղափարը Պավել Օգանեզովինն էր, ես միացել եմ գաղափարին։ Շնորհակալ եմ յուրաքանչյուր ներդրողից՝ իրենց սրտացավ վերաբերմունքի համար, քանի որ այս պարագայում շարժման հիմքը ոչ միայն հայրենասիրությունն է, այլև մարդասիրությունը: 1 լարիից մինև 500 լարի ներդրում ունեցանք, և սա այն պամաններում, երբ Վրաստանը դեռ չի հաղթահարել համավարակը. այս օգնությունը շատ արժեքավոր է»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վիրահայերի ջանքերով արհեստական շնչառություն ապահովող ևս 50 սարք էր գնվել և ուղարկվել Հայաստան: Եվս 3000 դիմակ էլ ուղարկվել էր՝ թբիլիսահայ գործարարներից մեկի կողմից:
ՀՀ առողջապահության նախարարությունը երախտագիտություն էր հայտնել վիրահայերին նախաձեռնության համար. «Շնորհակալ եմ Վրաստանի մեր հայրենակիցներին: Իրոք, այս սարքերով մեր պացիենտները շնչում են` բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր նախարար Արսեն Թորոսյանը: