Ախալքալաքի շրջանի Հոկամ և Գոգաշեն գյուղերում, հունիսի 12-ի երեկոյան, ուժեղ կարկուտը վնասել է այգիները, սկզբում բնակիչները օգնության հույս ունեին ապահովագրությունից, բայց պարզվում է մեծ մասը չի ապահովագրել իր հողամասերը:
Հոկամ և Գոգաշեն գյուղերում հիմնականում մարդիկ ավելի շատ էին օգտվում գյուղատնտեսական ապահովագրությունից, քան Ախալքալաքի շրջանի մյուս գյուղերում: Սակայն, հունիսի 12-ին բանջարա-բոստանային մշակաբույսերին կարկուտի պատճառած վնասից հետո պարզ դարձավ, որ ապահովագրությունն այս դեպքում չի օգնում:
Հունիսի 12-ին Ախալքալաքի մունիցիպալիտետում վնասվել են մի շարք գյուղերի ցանքատարածությունները՝ հորդառատ անձրևների և ուժեղ կարկուտի հետևանքով: Կարկտահարվել են հիմնականում բանջարեղենն ու միրգը: Հոկամ և Գոգաշեն գյուղերում տուժել են նաև հացահատիկի դաշտերը: Ըստ այդ գյուղերի բնակիչների, կարտոֆիլն առանձնապես չի տուժել:
Գոգաշեն գյուղի լիազոր Զազա Նաթենաձեի խոսքով, գյուղում մեծամասնությունը չի ապահովագրել բերքը:
«Մենք հիմնականում ապահովագրում ենք միայն կարտոֆիլն ու հացահատիկը, բայց շատերը չեն ապահովագրել», – ասում է նա:
Բնակիչների մեծ մասը տարբեր պատճառներով չի ապահովագրել բերքը: Պատճառներից մեկը՝ չգրանցված հողամասերն են:
Ըստ Հոկամ գյուղի բնակիչ Նանա Օսեփաշվիլիի, նրանք չեն կարողացել գրանցել իրենց հողամասը, ուստի և չեն ապահովագրել այն:
«Ամեն ինչ շատ թանկ է, մեկ հողամասն արժե 50 լարի, միայն աերոնկարահանումը: Նաև պետք է վճարել ապահովագրության համար, թանկ է, այնպես որ ոչ բոլորը կարող են դա թույլ տալ իրենց», – ասում է նա:
Մեկ այլ պատճառը, թե ինչո՞ւ բնակիչները չեն ապահովագրել իրենց բերքը, դա դժգոհությունն է ստացած փոխատուցումից:
«Անցյալ տարի ես ապահովագրել էի իմ բոլոր հողամասերը` մոտ 3 հա, բայց ապահովագրական ընկերության ներկայացուցիչները գնահատեցին վնասը շատ ավելի քիչ, քան սպասվում էր: Հետևաբար, ես այս տարի չապահովագրեցի: Այնուամենայնիվ, ես հույսս չեմ կորցնում, հուսով եմ, որ Աստված կօգնի»,- ասում է Գիորգին:
Ըստ Պաատա Կվելաձեի, նա ևս չի ապահովագրել իր հողամասը կրկին այն պատճառով, որ նախորդ տարի թանկ է նստել:
«Այս տարի մենք հատկապես հացահատիկ ենք շատ ցանել, բայց ես չեմ ապահովագրել, քանի որ թանկ է», – ասում է նա:
Բրատիսլավ Իգիթխանյան