Այսօր՝ հունիսի 15-ին, քաղաքապետարանի շենքի դիմաց, Ախալքալաքի մոտ 300 բնակիչներ կրկին իշխանություններից պահանջում էին ուշադրություն դարձնել Կիմ Կուղոյանի դատական գործին, որն ընթանում է ապօրինի զենք պահելու և կրելու առթիվ: Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ Կիմ Կուղոյանի դեմ գործը սարքած է:

Կեսօրին Ախալքալաքի քաղաքապետարանի շենքի դիմաց տեղական իշխանությունների ներկայացուցիչները և Խորհրդարանի պատգամավորը հավաքվել էին՝ գյուղեր մեկնելու նպատակով: Նրանց էին մոտեցել Ախալքալաքի մոտ 300 բնակիչներ, որոնք հավաքվել էին Խաս Բախչա զբոսայգում և շարժվել էին դեպի քաղաքապետարանի շենք՝ բողոքի ցույցի: Ցուցարարների պահանջը արդարությունն է՝ Կիմ Կուղոյանի քրեական գործի առթիվ, որին հետևում է Jnews.ge-ն, քանի որ հիշյալ գործը հասարակական մեծ հետաքրքրություն ունի՝ քաղաքի կենտրոնում աղմկոտ մեկնարկի պատճառով:

Քրեական գործով ձերբակալություն Ախալքալաքի կենտրոնում

Կիմ Կուղոյանի գործով հաջորդ դատավարությունը կկայանա հունիսի 22-ին: Մեղադրյալը պնդում է, որ նրա մոտ զենքը գցել են ոստիկանության աշխատակիցները՝ մեղադրելով իրեն: Ինչ են իրականում ցանկանում իրավապահները, որպեսզի նա իր վրա վերցնի վերջին մի քանի տարիների ընթացքում Ախալքալաքում տեղի ունեցած մի շարք կողոպուտների մեղքը:

Ծնողները, որոնք նույնպես ներկա էին հավաքին, այսօր կայացած հանդիպման ժամանակ ասացին, որ պահանջում են կոնկրետ պատասխան՝ մինչև հաջորդ դատավարությունը, իսկ ավելի կոնկրետ երաշխիք, որ նրան չեն դատի:

Kim1

«Ոստիկաններն ասում են, որ բոլոր կողոպուտները իմ ձեռքի գործն են: Ես 9 ամիս բանտում եմ եղել, ո՞վ էր այդ ժամանակ գողություն անում: Ես հո՞ բանտից չեմ գողություն արել», – իր խոսքում ասաց Կիմ Կուղոյանը:

Կուղոյանների հետ զրուցեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:

Kim2

Հենզել Մկոյանը խոստացավ այդ հարցով զբաղվել գյուղերից վերադառնալուց հետո` խոստանալով, որ կփորձեն օգնել այդ գործին «Վրացական երազանքի» միջոցով:

«Պարոն Իրիցյանը կուսակցության նախագահն է, երբ մենք վերադառնանք, նա կուսակցական գծով կգրի նամակ, մենք կստորագրենք, կասենք, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, արդարություն է պահանջում: Նա կարող է նամակի պատճենը Ձեզ տալ: Ես զգում եմ, որ տղայի գործը թուլացել է: 4-5 անգամ մենք զբաղվել ենք քո հարցով, տանջվել ենք, 100%-ով, բայց ես չեմ գտնում, որ այսօր շատ հետաքրքրված են լուծելու այդ հարցը: Չեմ ուզում կոնկրետ բոլորի առջև խոսել փողոցում: Կան մարդիկ, ովքեր կոնկրետ հետապնդել են տղային, նրանք փոքր-ինչ մի կողմ են քաշվել: Նրանք երևի հասկացել են, որ լավ բան չեն անում: Եվ դուք գիտեք, թե ովքեր են այդ մարդիկ: Նրանք ասում էին՝ ոչ, այդպես պետք է լինի: Մենք վիճել ենք նրանց հետ», – Հենզել Մկոյանը դիմեց Կիմ Կուղոյանի մորը՝ նշելով նաև, որ նա գիտի, թե ում մասին է խոսքը:

Jnews-ի այն հարցին, թե ում մասին է խոսքը՝ Կիմ Կուղոյանի մայրը պատասխանեց.

«Երբ գողության դեպքեր կային, նրանք սկսեցին հետապնդել որդուս, տարան Ախալցիխե: Ես չգիտեմ, թե ով է կոնկրետ այնտեղ եղել՝ ոստիկանապետը թե մեկ ուրիշը: Այն պատճառով, որ տղաս նրանց հայհոյել է՝ նրան ծեծի են ենթարկել: Նրա դիմաց ատրճանակ են դրել և ասել, որ նա պետք է խոստովանի, որ գողություն է կատարել, այլապես այդ պարկուճն իրենը կլինի», – ասում է Կիմ Կուղոյանի մայրը՝ Արաքսիա Պանգրատյանը:

Բողոքի ցույցը ավարտվեց, քանի որ իշխանությունները ստիպված էին գյուղ մեկնել:

Հիշեցնենք, որ Կիմ Կուղոյանին մեղադրանք է ներկայացվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի (3-րդ և 4-րդ կետեր) համաձայն՝ հրազենի ապօրինի ձեռքբերում, պահում և կրում: Այս հոդվածը նախատեսում է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկում: