ՀասարակությունՄշակույթ 11 Հունիսի, 2020 • Պտտելով սեպերատորի բռնակը՝ պահպանում են անցյալի ավանդույթները… (Video)

Վերջին ժամանակներում մեծ տարածում են գտել էլեկտրական շարժիչով սեպերատորները (կաթի զտիչ), բայց Ջավախքի գյուղերի տարեց կանայք կարծում են, որ ոչ մի էլեկտրական սարքավորում չի փոխարինի իրենց ձեռքի աշխատանքը: Նրանք հավատում են, որ ավելի լավ սերուցք է ստացվում, եթե կանայք հավաքվում են զտիչի մոտ և հերթով պտտում բռնակը:

Էլեկտրական սեպերատորների աշխատանքի սկզբունքը նման է ձեռքի զտիչին, սակայն Ջավախքի գյուղերում առ այսօր դիմակայում են տեխնիկական նորամուծություններին:

Մարո Սահարյանն ապրում է Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղում: Նա ավելի քան 40 տարի շարունակ արտադրում է տարբեր գյուղատնտեսական մթերքներ՝ տան օգտագործման համար: Չնայած ավելի հեշտ տարբերակներին, նա մտադիր չէ հրաժարվել հին ավանդույթից: Նրա գրեթե ամեն առավոտը սկսում է կաթը զտելով՝ հետագայում պանիր, կարագ պատրաստելու համար…

«Չեմ կարող ասել, որ հեշտ է ձեռքով պտտելը, բայց ես չեմ հրաժարվի դրանից: Հարսս և հարևաններս օգնում են ինձ», — ասում է Մարո Սահարյանը:

Հիմնական գյուղամթերքներից մեկը, որը մեզ տալիս է գյուղատնտեսությունը` կաթն է, բայց մթերքների ավելի լայն տեսականին է կոչվում կաթնամթերք, և դրանց արտադրության համար կիրառում են այն գործընթացը, ինչպիսին է կաթի զտումը:

Կաթի սեպերատորները գյուղատնտեսության մեջ ամենապիտանի և անհրաժեշտ բաներից մեկն է, քանի որ հենց դրա շնորհիվ է, որ մեր սեղանների վրա կա սերուցք և համեղ, անյուղ կաթ:

Մեխանիկական սեպերատորներն աշխատում են մարդու միջամտությամբ, ով ստիպված է ջանք գործադրել` պտտել զտիչի բռնակը: Էլեկտրական զտիչները աշխատում են էլեկտրական շարժիչով:

3

Մարո տատը կաթից ստանում է սերուցք, սերուցքից էլ` կարագ: Անյուղ կաթից պատրաստում է պանիր:

Ինչպես պատմում է Մարո տատը՝ իր ձեռքերով պատրաստած կաթնամթերքը օգտագործում է ոչ միայն տանը, այլև փոխանակում է այլ, տարբեր ապրանքների հետ:

Նախկինում զտման պրոցեսը տևում էր ավելի երկար, քանի որ այն ժամանակ յուրաքանչյուր ընտանիք ավելի շատ անասուն էր պահում, բացի այդ, նախկինում հարևանները կաթը հավաքում էին և վերամշակում էին միասին: Զտիչի միջոցով կաթից սերուցք ստանալու գործընթացը տարբեր տևողություն ունի՝ կախված կաթի քանակից:

«Մենք մի կով ունենք, հետևաբար, մեր կաթը քիչ է: Մենք զտում ենք 30 րոպեից մինչև մեկ ժամ, այն ժամանակ, երբ շատ կովեր էինք պահում, մի քանի ժամ պտտում էինք սեպերատորը», — ասում է Մարո Սահարյանը:

1

Մարո Սահարյանն օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, անպայման առանձնացնում է կաթի զտիչը և սարքի մասերը մանրակրկիտ լվանում է տաք ջրով: Զտիչի մաքրման գործընթացը աշխատանքի արդյունավետության երաշխիքներից մեկն է:

«Սեպարատորը պետք է լինի մաքուր, եթե երեկոյան չես լվանում, առավոտյան կեղտոտ մեքենան չի կարողանա կաթից լավ առանձնացնել սերուցքը», — ասում է նա:

2

Ավագ սերունդը դեռ նախընտրում է իրենց սովոր, մեխանիկական գործիքներն ու սարքավորումները՝ չվստահելով նոր սարքերին՝ էլեկտրականներին: Այնուամենայնիվ, երիտասարդները կարծում են, որ սխալ է ժամանակը վատնել նրա վրա, ինչը կարելի է անել ավտոմատ սարքերի միջոցով: Սերունդների հավերժ պայքարում, «հայրերի և երեխաների խնդրում» ավանդույթը դեռ պահպանվում է, բայց աստիճանաբար տեղ է տալիս նորին…

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝