Վրաստանում Միասնական ազգային քննությունները կսկսվեն հուլիսի 6-ին և կտևեն մինչև հուլիսի 25-ը: Այս մասին հայտնում է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մագիստրոսական քննությունները կսկսվեն օգոստոսի 1-ից և կտևեն մինչև օգոստոսի 4-ը ներառյալ:

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում քննությունների անցկացման համար մշակվել են հատուկ կանոններ:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի հանձնարարակաների համաձայն, դիմորդներին ու դիտորդներին կթույլատրվի գտնվել միայն քննական տարածքի 50 տոկոս մակերեսում: Յուրաքանչյուր քննական կենտրոնի տեղամասում կթույլատրվի միայն 10 դիմորդ: Բոլոր սեղանները հագեցած կլինեն հատուկ պաշտպանիչ թափանցիկ վահանով, սեղանների միջև հեռավորությունը կլինի երկու մետր:

Դիմորդին կառաջարկվի դիմակ կամ նա քննության կարող է ներկայանալ սեփական դիմակով: Դիմորդները մինչ կենտրոնի տարածք մտնելը կջերմաչափվեն:

Եթե դիմորդների մոտ ֆիքսվի նորմայից բարձր ջերմություն, ապա նա պարտավոր է ներկայացնել տեղեկանք, որում նշվում է, որ կորոնավիրուսի ՊՇՌ թեստն անցել է, և արդյունքը բացասական է: Դիմորդների համար թեստավորումն անցկացվելու է բացարձակապես անվճար:

Քննության անցկացման վայրում դիմորդները պետք է մաքսիմալ պաշտպանեն կանոնները՝ մշտապես դիմակ կկրեն, չխախտեն սոցիալական հեռավորությունը և ձեռքերն ախտահանեն համապատասխան հրանագի դեպքում, ինչպես նաև դիմորդն իր մոտ պետք է ունենա անձը հաստատող վկայական և քննական քարտ:

Ինչպես միշտ, ցանկության դեպքում դիմորդը կարող է վերցնել պլաստմասե շշով ջուր և գելային սև թանաքով գրիչ:

Այն դեպքում, եթե դիմորդները հանեն դիմակը, խախտեն սոցիալական հեռավորությունը և հրաժարվեն ձեռքերն ախտահանելուց, ապա կստանան դիտողություն, իսկ նման պահվածքը կրկնելու դեպքում դիմորդը կհեռացվի քննությունից:

Անվտանգության միջոցառումներից ելնելով՝ քննության տարածքներում օդորակիչ համակարգը կմիացվի միայն քննությունը սկսվելուց առաջ: Երբ դիմորդները մտնեն քննասենյակ, օդորակիչները կանջատվեն: Քննաշրջանների միջև՝ քննասենյակներում, որտեղ տեղի են ունենում քննությունները, իրականացվելու են ախտահանման աշխատանքներ:

Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ նորամուծությունները վերաբերում են միայն քննությանը ներկայանալու և կենտրոն մուտք գործելու, ինչպես նաև վարվելակերպի կանոններին և ոչ՝ դրա ձևաչափին կամ բովանդակությանը:

Ինչպես նախորդ տարիներին, քննական կենտրոնները բաց կլինեն Թբիլիսիում, Ռուսթավիում, Գորիում, Ախալցիխեում, Թելավիում, Քութայիսիում, Բաթումիում, Խուլոյում, Զուգդիդիում, Փոթիում, Օզուրգեթիում:

Քննության կենտրոններում մոբիլիզացված կլինեն շտապօգնության բրիգադները և պարեկային ոստիկանությունը: Քննության գործընթացը տեսագրվելու է տեսախցիկների միջոցով:

Վրաստանի կրթության նախարարի տեղակալ Նունու Միցկևիչն հայտնել է, որ այս տարի ՄԱՔ-ին կմասնակցի ավելի քան 55 հազար դիմորդ և ուսանող: