Ռուսաստանը մասամբ կբացի իր սահմանները, ինչը թույլ կտա լքել երկիրը՝ աշխատանքի, ուսման, բուժման և հարազատներին խնամելու համար: Այս մասին հայտնել է վարչապետ Միխայիլ Միշուստինը: Ռուսաստան մուտք գործելը թույլատրվելու է այն օտարերկրացիներին, ովքեր պատրաստվում են մեկնել բուժման կամ մտերիմ բարեկամներին խնամելու նպատակով: Միշուստինը նշել է, որ ստորագրել է կառավարության համապատասխան հրամանագիրը: Այն դեռ չի հրապարակվել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ըստ «РБК» և «ТАСС»-ի փոխանցման, Ռոսավիացիան պլանավորում է Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայությանը (Ռոսպոտրեբնադզոր) առաջարկել մասնակի վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը հուլիսի 15-ից: Ըստ «Ինտերֆաքսի», նախ նրանք կարող են վերսկսել ավիաչվերթները ԱՊՀ երկրների հետ, ապա այլ երկրների հետ, եթե այդ երկները բացեն սահմանները «փոխադարձության պայմաններով»:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանի կառավարությունը մարտի 27-ից դադարեցրել է կանոնավոր և չարտերային ավիաչվերթները այլ երկրների հետ:
Միշուստինը նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկրում կուրորտային սեզոնի աստիճանական բացմանը: Հունիսի 1-ից մի շարք մարզերում արդեն վերաբացվել են առողջարանները, որոնք բժշկական արտոնագրեր ունեն: Մշակվել է Ռուսաստանի զբոսաշրջության ոլորտի կարանտինային սահմանափակումների ռեժիմից դուրս բերման պլանը` կապված կորոնավիրուսի համավարակի հետ:
Փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն հավելել է, որ հիմա արդեն ավելի քան 40 սուբյեկտում իրավիճակը թույլ է տալիս անցնել հյուրանոցների բացմանը: Մարզպետներին հանձնարարվել է մինչեւ հունիսի 15-ը նախապատրաստել իրենց մարզերում զբոսաշրջության ոլորտի բացման պլանները:
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն նախկինում նշել էր, որ Ռոսպոտրեբնադզորը Ռուսաստանի առողջարանների աշխատանքները վերսկսելու համար այնպիսի պայմաններ է ստեղծել, որ նրանցից շատերի համար ավելի լավ է չբացվել, քան կատարել դրանք:
Հունիսի 5-ին, նախագահ Վլադիմիր Պուտինը իր հրամանագրով հանել է Ռոստուրիզմը՝ Տնտեսական զարգացման նախարարության ենթակայությունից: Այժմ գերատեսչությունն ուղղակիորեն ենթակա է կառավարությանը: