Հունիսի 15-ից վերսկսվելու են այցելուների ընդունելությունը Վարձիա և Ուփլիսցիխե քարանձավային համալիրները: Վրաստանի քաղաքացիների համար թանգարան-արգելոցներում զեղջային գները կգործեն երեք ամիս: Այս մասին հաղորդել է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության մամուլի ծառայությունը:
Ներքին տուրիզմի վերաբացումից հետո Վարձիա և Ուփլիսցիխե այցելելու համար տոմսերի արժեքը կնվազի ավելի քան 50%-ով` 15 լարիից մինչև 7 լարի (5-ից մինչև 2,3 դոլար): Կենսաթոշակառուների, ուսանողների և դպրոցականների (Վրաստանի քաղաքացիներ) տոմսերի արժեքը կշարունակվի մնալ 1 լարի (մոտ 30 ցենտ):
Թանգարան-արգելոցների տարածք մուտքn անվճար կլինի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, պատերազմի վետերանների, ծնողազուրկ և սոցիալապես անպաշտպան կարգավիճակ ունեցող քաղաքացիների համար: Միևնույն ժամանակ, գործակալությունը նշում է, որ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ուղեկցող անձինք նույնպես կազատվեն մուտքավճարից:
Գործակալությունից հաղորդում են, որ Վարձիան և Ուփլիսցիխեն վերաբացվում են բոլոր զգուշության կանոնները պահպանելով:
«Համաճարակաբանական իրավիճակի պատճառով երկար դադարից հետո այդ թանգարան-արգելոցների այցելուներին ծառայությունները կմատուցվեն առողջապահական մարմինների կողմից մշակված վարվելակարգերին համապատասխան: Վարչության սահմանված նորմերին համապատասխանությունը պարտադիր կլինի բոլոր այցելուների համար», – ասում են գործակալությունից:
Գործակալությունը նշում է, որ սակագները ժամանակավորապես իջեցնելու որոշումը կայացվել է «տուրիստական ներուժը խթանելու համար»:
Սահմանափակումները վերացնելուց հետո զեղջային գները կսահմանվեն նաև գործակալության մաս կազմող 16 այլ թանգարանային հաստատություններում: Ինչպես Վարձիայի և Ուփլիսցիխեյի դեպքում, նոր սակագները կգործեն օբյեկտների բացումից հետո երեք ամիս: Գործակալությունը մոտ ապագայում պետք է հայտարարի կոնկրետ ամսաթվերի և գների մասին:
Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության համակարգում ներառված են՝ Բորժոմիի գավառագիտական թանգարանը, Կախեթիի շրջանի Միրզաանի գյուղում գտնվող Նիկո Փիրոսմանիի թանգարանը, Ստեփանծմինդայի պատմության թանգարանը, Ստեփանծմինդայի պատմական թանգարանը, Քութայիսիի պատմա-ճարտարապետական թանգարանը, Մցխեթայի հնագիտական թանգարանը, Քութայիսիի պատմա-ազգագիտական թանգարանը և Սամտրեդիայի շրջանում գտնվող Նիկո Փիրոսմանիի տուն-թանգարանը, ինչպես նաև Ուջարման, Նաքալաքևին, Խերթվիսին, Մուցոն, Գրեմի թանգարան-արգելոցը և այլ հնագիտական վայրեր:
Հարկ է նշել, որ Վարձիան և Ուփլիսցիխեն Վրաստանի ամենատարածված տուրիստական վայրերից են: Գործակալության տվյալներով՝ 2019 թվականին այս երկու թանգարան-արգելոցներն ունեցել են ավելի քան 600 հազար այցելու:
Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով մարտին Վրաստանում դադարեցվել են բոլոր թանգարանային հաստատությունները: Քանի որ երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվել է, կարանտինային սահմանափակումների մեծ մասը դադարել են գործել մայիսի վերջին: Իշխանությունները հունիսի 15-ը հայտարարեցին որպես տեղական տուրիզմի պաշտոնական մեկնարկի օր: Հուլիսի 1-ից Վրաստանը կբացի իր սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար: