Երկրում տիրող իրավիճակից ելնելով, համարյա բոլոր հանրային ծառայություն մատուցողներն ու կազմակերպություններն աշխատում են առցանց, ինչն էլ բազում դժվարություններ է առաջացնում հատկապես տարքիային բարձր խմբի ներկայացուցիչների և պետական լեզվին չտիրապետող անձանց համար։
Ախալքալաքի շրջանում պետական լեզվի չիմացությունը շատ հարցերում է խնդիրներ առաջացնում, այդ խնդիրներն ավելի արդիական ու ցցուն դարձան կորոնավիրուսի համաճարակի ընթացքում։ Համաճարակի պատճառով երկրում գրեթե բոլոր կազմակերպություններն անցան հեռահար աշխատանքի, այդ թվում՝ Արդարադատության տները։
Բանն այն է, որ Արդարադատության տուն գնալու համար նախօրոք պետք է գրանցվել, սակայն առցանց գրանցվելը խնդիր է՝ և բարձր տարքիային խմբի ներկայացուցիչների, և վրաց լեզուն չիմացողների համար։ Այս օրերին շատերը գնում են Արդարադատության տուն և իզուր հետ վերադառնում, քանի որ գրանցված չեն, իսկ չգրանցված անձանց ծառայություններ չեն մատուցվում։
Մարդիկ փնտրում են այլընտրանքային միջոցներ, որպեսզի կարողանան ստանալ ցանկալի փաստաթղթերը, այդ իսկ պատճառով էլ փնտրում են այնպիսի մարդկանց, ովքեր լեզուն գիտեն և կկարողանան օգնել իրենց գրանցվել։
Խնդիր է նաև այն, որ եթե անձը ցանկանում է առցանց լրացնել, օրինակ՝ անձնագիր ստանալու հայտը, ապա նա պետք է տեսազանգի միջոցով կապ հաստատի աշխատակիցների հետ: Սակայն կապ հաստատելը դեռ չի նշանակում, որ հայտն ընդունված է, հայտատուն իր հայտի մասին պետք է հաստատի պետական՝ վրացերեն լեզվով, ուրիշ լեզվով չի ընդունվում։
Եղել է դեպք, որ քաղաքացին օնլայն հայտն ուրիշին է լրացնել տվել, սակայն վրացերեն չիմանալու պատճառով տեսազանգի ժամանակ չի կարողացել խոսել, արդյունքում գրանցումը չեղարկվել է։
Առկա է նաև մեկ այլ խնդիր, օրինակ. եթե անձն օնլայն գրանցվում է նոտարական ծառայություն ստանալու համար, ապա կարող է առցանց գրանցման ժամը և ընդունման ժամը չհամապատասխանել, քանի որ ըստ նոտարի աշխատակիցների՝ նրանք չեն տեսնում առցանց գրանցման ժամը, այդ պատճառով կարող է թյուրիմածություն առաջանալ, այսինքն՝ հնարավոր է նույն ժամին գրանցված լինի երկու անձ, արդյունքում կարող են մեկին սպասարկել, իսկ մյուսին՝ ոչ։
«Մենք դեռ չգիտենք, թե ե՞րբ են բացվելու մեր օֆիսները, բացելու դեպքում էլ պետք է համապատասխանենք համաշխարհային առողջապահության կազմակերպության չափանիշներին, սակայն դեռ չենք կարող ասել, երբ կբացենք, այս շաբաթվա ընթացքում, թե՝ մյուս շաբաթ»- ասում է նոտար Ռոման Կոստանյանը։
Ինչպես հավաստիացնում է Կոստանյանը, ամբողջ տարածաշրջանում այսօրվա դրությամբ աշխատում է երեք նոտար, այդ իսկ պատճառով էլ պետք է նախօրոք զանգահարել նոտարներին և պայմանավորվել։
«Քանի որ մենակ մենք ենք աշխատում Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում, որպեսզի մարդիկ օրինակ. Ախալցիխեից չգան և չսպասեն պետք է նախօրոք զանգահարեն և ժամ պայմանավորվեն։ Քանի որ, կա այնպիսի գործ, որ տևում է երկու ժամ կամ 10 րոպե», – նշում է Կոստանյանը։
Եթե մարդիկ առցանց գրանցվելուց հետո կապ հաստատեն նոտարների հետ, բացատրեն իրենց գործի էությունը, ապա, նոտարները կարող են նախօրոք ժամանակը բաժանել բոլորին հարմար։
Ստորև Ձեզ ենք ներկայացնում այս օրերին աշխատող նոտարական ընկերությունների ներկայացուցիչների հեռախոսահամարները.
Ռոման Կոստանյան՝ 599 55 68 82
Թինաթին Գելաշվիլի՝ 591 91 45 11
Էթերի Օթանաձե՝ 599 14 84 01