Արդիական ահաբեկչություն, վերջերս բացված վրաց-թուրքական սահման Ջավախքում, թուրքական գրություններ Ախալքալաքի բերդի պատերին և անվտանգության նախազգուշական միջոցառումներ դպրոցներում, – Ախալքալաքի բնակչության մեջ վերջին ժամանակներս անհանգստություն է առաջացել, ինչպես են բացատրում այս ամենը հենց ջավախքցիները:
Մամուլը հեղեղված է տեռորի մասին նյութերով, հանցավոր իսլամիստները ակտիվ գործունեության մեջ են, վերջերս՝ նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունը խուճապի աստիճանը ժողովրդի մեջ էլ ավելի բարձրացրեց:
Աշխարհում տիրող խուճապային վիճակին Ախալքալաքում գումարվեց նաև վերջերս բերդի պատերին հայտնված թուրքատառ մակագրություններ՝ «մենք անպայման կվերադառնանք» և այլ, որոնք ինչպես աննկատ հայտնվեցին նույնպես աննկատ էլ անհետացան, թողնելով միայն կարմիր ներկի հետքեր, ինչպես ներսի պատերին այնպես էլ դրսի:
Փորձելով պարզել մարդկանց տրամադրվածությունը բարձրացված հարցերի վերաբերյալ հարցումներ անցկացրեցինք քաղաքի և գյուղերի բնակիչների շրջանակներում: Ստորև ներկայացնում ենք բնակիչների պատասխանները այն հարցերին, թե ի՞նչ մեկնաբանություններ կտան աշխարհում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին, որքանո՞վ են ռեալ համարում հնարավոր վտանգները և վտանգավոր է արդյո՞ք վրաց-թուրքական սահմանի բացումը Ջավախքում:
«Ես անհանգստանում եմ նրա համար, որ ամենուր զգուշացնում են, խոսակցություն կա, որ Նինոծմինդայում երեխա է կորել, աշակերտներին հատուկ զգուշացրել են: Վտանգի ռեալությունը 50:50 եմ գնահատում, քանի որ ոչինչ չեմ բացառում: Սահմանի բացմանը բացասական եմ տրամադրված նրա համար, որ մեր կողմից գնալը խնդիր է, իսկ Թուրքիայից գալը ոչ, եթե բացել են ապա թող լինի հավասար նախապայմաններ»:
«Հայերն ու թուրքերը լեզու չեն կարող գտնել ու չեն էլ գտնի, հետևաբար սահմանի բացվելուց ոչ մի լավ սպասելիք չունեմ: Շատ ազատ այս սահմանը կարող է անցակետ լինել հանցագործների համար, հատկապես որ իրենց կողմից առանց որևէ խնդրի կարող են անցնել»:
«Թուրքերը գնում գալիս են, դեռ ռեալ վտանգ չեմ նկատել բացի որոշ ավազակություններից, թե վտանգ էլ լինի ժողովուրդը ոչինչ չի կարող անել, այ իշխանությունը կարող է մի բան անել, բայց հանկարծ մի բան էն չլինի առաջինը հասարակ ժողովուրդն է տուժելու»:
«Մտավախություն ունեմ, մեր հարաբերությունները լարված է ու հույս էլ չունենք որ կբարելավի, բայց վերևվն Աստված կա, մեզ մենակ չի թողնի»:
Հարցվողներից մեկը, ով բավականին դժվար համաձայնվեց ներկայացնել իր կարծիքը, ի վերջո ասաց՝ «Փաստ է, որ հարևան երկիրը չի ըմբռնում ինչ է նշանակում հումանիզմը, ինչպիսին պետք է լինի մեր դարի քաղաքացին և ի վերջո ամեն ինչ կարելի է կանխատեսել քաղաքակրթության հետ ընդհանուր եզր չունեցող հասարակությունից… Հայերիս բնորոշ է զգոն վիճակը, բայց դա չի նշանակում, որ անընդհատ պետք է խոսենք տեռորից, հարձակումից և նման թեմաներից, քանի որ դա նաև իր հոգեբանական կողմն ունի: Ասել, որ սահմանը բացվելով թուրքերը հարձակվելու են՝ մանկական, պրիմիտիվ, ծիծաղաշարժ մտածողություն կլինի, սակայն չի բացառվում, որ այդ հարձակումը այլ ձև կունենա, որը միշտ էլ կա…»:
Որոշ չափով պարզելով մեծահասակների տրամադրվածությունը, փորձեցինք իմանալ նաև դպրոցահասակների կարծիքը, հատկապես որ վերջերս որոշ դպրոցներում անցկացվել է հատուկ հակատեռորիստական միջոցառուներ:
«Ուսուցիչները զգուշացրել են, ասել են որ եթե անծանոթ մարդիկ առաջարկեն տուն տանել չգնանք, կամ եթե մեզ նվերներ տան չվերցնենք»:
«Մեզ զգուշացրել են, որ եթե արկղեր նվիրեն չվերցնենք, կարող է վտանգավոր լինել: Բայց ես չեմ վախենում»:
Ստեղծված իրավիճակը բնակիչներին ստիպում է լինել առավել զգոն և զգույշ, ինչը փաստեց հարցումների ժամանակ փողոցում «կռիվ-կռիվ» խաղացող 2 մանկահասակ երեխա, որոնցից մեկը իմ այն հարցին թե ի՞նչ եք խաղում, ընկերոջը մատնացույց անելով ասաց. «Ես միլիցիա եմ ինքը, թուրք»:
Ջուլիետա Տոնականյան