Հասարակություն 27 Մայիսի, 2020 • «Տոնավաճառի» առևտրականներն արդարություն են պահանջում

Հագուստի բաց շուկայի՝ այսպես կոչված տոնավաճառի առևտրականները բողոքում են, որ իրենց թույլ չեն տալիս առևտուր անել, իսկ այդ ընթացքում եկվոր առևտրականներն իրենց մեքենաներով քաղաքի փողոցներում ազատորեն վաճառում են հագուստ և կոշիկ:

Երեկ Ախալքալաքի տոնավաճառի վաճառականները լուսանկարներ էին ուղարկել Jnews-ի խմբագրություն, որոնցում երևում է, թե ինչպես են եկվորները քաղաքի փողոցներից մեկում վաճառում հագուստ, կոշիկ, հողաթափեր և տարատեսակ մանրուքներ:

«Եթե կա սահմանափակում, ինչու ոմանց կարելի է առևտուր անել, իսկ մյուսներին՝ ոչ: Սա անազնիվ է, մենք զրկվել ենք եկամտի միակ աղբյուրից, սպասում ենք ամեն օր, թե երբ մեզ թույլ կտան գնալ աշխատանքի: Այնպես էլ նստած ենք ասեղների վրա, իսկ այստեղ միաժամանակ երկու մեքենա կանգնել առևտուր է անում, առավոտյան մեր բակում ևս երկու մեքենա էր առևտրով զբաղվում: Նրանք բոլորը եկվորներ են, տեղի առևտրականներ չեն», — վրդովված ասում է հագուստի վաճառողուհին, ով տարիներ շարունակ առևտուր է անում Ախալքալաքի տոնավաճառում:

Aryevtur 1

Վրաստանում արտակարգ դրությունը չեղարկելուց հետո տոնավաճառի վաճառականները սկսեցին գնալ աշխատանքի, ոմանք իրենց ապրանքը վաճառքի հանեցին մասամբ, ոմանք ընդհանրապես չհանեցին, վախենալով տուգանվելուց, բայց սպասում էին տոնավաճառի տարածքում՝ տեսնելու, թե ով ինչպես է վարվում: Ոստիկանները նախազգուշացրեցին մարդկանց, որպեսզի նրանք առևտուր չանեն, հակառակ դեպքում կարող են տուգանվել: Եվ այսօր էլ, որոշ առևտրականներ գնում են տոնավաճառ, ակնկալում են ապրանքները վաճառքի հանել, եթե հանկարծ թույլ տան:

Տոնավաճառի վաճառականները պահանջում են, որ համապատասխան կազմակերպությունները լուծեն սահմանափակումների հարցը, կամ եթե արգելված է, թող բոլորին արգելեն, իսկ եթե թույլատրվում է, ապա թող բոլորն էլ առևտուր անեն: Բացի այդ, նրանք նշում են, որ տոնավաճառում նույնիսկ հանդերձարաններ չկան, և այնտեղ առևտուրը չի տարբերվում այլ թույլատրված ապրանքների առևտրից, առավել ևս, առևտուրն իրականացվում է բաց երկնքի տակ:

Հիշեցնենք, որ ավելի քան երկու ամիս է, ինչ կորոնավիրուսի համավարակի պատճառով կոշիկի և հագուստի առևտուրն արգելված է: Այս սահմանափակումն ուժի մեջ է մնում մինչև հուլիսի 15-ը, սակայն, ելնելով երկրի համաճարակաբանական իրավիճակից, հնարավոր է, որ այն ավելի վաղ վերացվի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝