Ախալքալաքի մունիցիպալիտետի բարձրադիր Թախչա գյուղում երեկ՝ մայիսի 25-ին, 8 ոչխար և գառ է սատկել: Անասնատերերը պնդում են, որ կենդանիները սատկել են ցրտի և կարկուտի պատճառով, մնացածին հաջողվել է փրկել՝ սարից գոմ տեղափոխելով: Մասնագետների կարծիքով՝ ցրտահարության պատճառով կենդանիների անկումը չի բացառվում, բայց դա շատ հազվադեպ է տեղի ունենում, եթե օրինակ կենդանին թույլ է:

Նախօրեին Թախչա գյուղի մոտակա արոտավայրում արածող 250 գառներից և ոչխարներից 8-ը սատկել են: Հոտը պատկանում է գյուղի բնակիչ Արմեն Եփրիկյանին: Անասնատերերի խոսքերով՝ ոչխարներն ու գառները սատկել են ցրտի և կարկուտի պատճառով:

«Մեզ հայտնել են, որ ոչխարները չեն կարող դիմանալ ցրտին, մենք գնացինք և գոմ տարանք: Նրանցից 8-ին չհաջողվեց փրկել՝ արդեն ցրտից սառել էին», – ասում է գյուղի բնակիչը:

Ինչպես պարզվեց, բոլոր սատկած կենդանիներին բոլորովին վերջերս էին խուզել՝ մոտ 2-3 շաբաթ առաջ, և, ենթադրաբար, այդ պատճառով չեն դիմացել ցրտին:

Անասնատերերը չեն դիմի համապատասխան կառույցներին, որպեսզի անալիզներ իրականացվեն անկման ճշգրիտ պատճառը որոշելու համար, քանի որ վստահ են, որ միակ պատճառը սառնամանիքն է:

«Սատկած ոչխարներն ու գառները ոչնչով չէին տարբերվում մյուսներից, նրանք ոչ թույլ էին, ոչ էլ հիվանդ, միայն խուզված էին», – ավելացրեց գյուղացին:

Մասնագետները չեն խոսում անասունների անկման ճշգրիտ պատճառների մասին:

«Եթե կենդանիները մասսայաբար չեն սատկել, ապա պատճառը հիվանդությունը չէ: Եթե ընդամենը մի քանիսն են սատկել, ապա դա հնարավոր է սառնամանիքի դեպքում, որը մեզ մոտ նկատելի էր երեկ և մի քանի օր առաջ, եթե կենդանինները թույլ լինեին, կամ եթե գառներին նոր էին խուզել: Թեև կոնկրետ, ոչ ոք չի կարող ասել, քանի դեռ չեն արվել անալիզներ, այս ամենը հավանականության տեսության համաձայն է», – ասում է անասնաբույժ Արման Հարությունյանը: