Ախալքալաքում՝ Աղմաշենեբելի կենտրոնական փողոցում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով փորձում էր կտրուկ անցնել փողոցը: Երբ վիրավորված հետիոտնին տեղափոխել են հիվանդանոց, նրա գիտակցությունը տեղն է եղել, ներկայումս նրան հետազոտում են:
Աղմաշենեբելի փողոցում վթարը տեղի է ունեցել ժամը 17:00-ից հետո: Ականատեսների խոսքով՝ ճանապարհի մյուս կողմում մեքենայի կայանումից հետո իջած հետիոտնը կտրուկ փորձել է անցնել ճանապարհը: Այդ պահին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան նկատելով, որ հարվածում է հետիոտնին, դուրս է եկել հանդիպակաց գոտի: Բախումից չի հաջողվել խուսափել, հետիոտնը նետվել է մի կողմ, բայց հարվածը եղել է մեքենայի կողային կողմից:
«Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, նա գիտակից վիճակում է եղել, նույնիսկ ասել է, թե «որտեղ են իմ կոշիկները»», – պատմում է ականատեսը:
Այն բանից հետո, երբ մեքենան հարվածել է հետիոտնին արդեն կանգ է առել հանդիպակաց գոտում, մեկ այլ`«BMW» մակնիշի ավտոմեքենան, որը երթևեկում էր իր ճանապարհով, նկատելով բախումը կանգ է առել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից 5-10 մետր հեռավորության վրա: Երկու մեքենաներն էլ (Mercedes-ը և BMW-ն) շրջափակված են ոստիկանական ժապավեններով: Հետաքննությունը շարունակվում է: Մոտակա խանութների և բենզալցակայանների տեսախցիկները ֆիքսել են վրաերթը:
Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննությունն անցկացնում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, ինչն առողջությանը ավելի քիչ լուրջ վնաս է հասցրել»: Այս հոդվածի համաձայն՝ հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ 6 ամսից մինչև 2 տարի, կամ էլ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով…
Հետիոտնի առողջական վիճակի մասին Jnews-ն անմիջապես կտեղեկացնի, երբ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցից ստանա պատասխան: