Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը պաշտոնապես հունիսի 15-ը հայտարարել է որպես տեղական տուրիստական սեզոնի բացման ամսաթիվ:

Գերատեսչությունը հայտարարել է արշավի մասին, որպեսզի աջակցի ներքին զբոսաշրջությանը, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Հունիսի 15-ից ճանապարհորդիր Վրաստանով մեկ»: Պաստառները, որոնք արդեն հայտնվել են վարչակազմի կայքում և ֆեյսբուքում, հորդորում են չհրաժարվել ամառային արձակուրդից և հետհամավարակային շրջանում ավելի լավ ճանաչել Վրաստանը:

«Տեղացի զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այցելել ամբողջ երկրում զբոսաշրջային բոլոր օբյեկտները, որոնք հագեցած և հարմարեցված կլինեն անվտանգության միջոցառումներին համապատասխան, և որոնք կհամապատասխանեն առողջության նոր չափանիշներին», – Հանրային հեռուստատեսության եթերում ասել է գերատեսչության բաժնի վարիչ Մարիամ Քվրիվիշվիլին:

Նա հավելել է, որ ներքին տուրիզմի բացումը շատ կարևոր է երկրի աստիճանաբար բնականոն կյանքին վերադառնալու և տնտեսական վերականգնման համար:

Քվրիվիշվիլին հիշեցրել է, որ հուլիսի 1-ից Վրաստանը կսկսի ընդունել արտասահմանցի ճանապարհորդներին: Իշխանություններն արդեն իսկ բանակցություններ են սկսել մի քանի երկրի հետ՝ զբոսաշրջիկների տեղաշարժի համար «անվտանգ միջանցքներ» ստեղծելու առումով:

Տարեցտարի Վրաստանը ռեկորդներ է սահմանում տուրիզմի ոլորտում: Վրաստանում մեկ կամ ավելի օր անցկացրած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը 2019 թվականին գերազանցել է 5 միլիոնը, ինչը 6,9 տոկոսով (323,6 հազար) ավելին է, քան 2018 թ.-ին: Անցյալ տարի միջազգային տուրիզմից ստացված եկամուտը կազմել է 3,3 միլիարդ դոլար, ինչը 47 միլիոն դոլար է, կամ 1,4%-ով ավելի, քան 2018 թ.-ին:

«Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Քվրիվիշվիլին նշել է, որ այս տարի առանձնահատուկ է լինելու, քանի որ նրանք ստիպված կլինեն շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել ներքին զբոսաշրջությանը: Ըստ նրա, մոտ ժամանակներս արդեն հայտարարված արշավի շրջանակներում նախատեսվում են շատ տարբեր ակտիվություններ, որոնք պետք է մոտիվացնեն քաղաքացիներին ճանապարհորդել ողջ Վրաստանով մեկ:

Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ շուտով կներկայացվի կանոնակարգ, որի պահպանմամբ հյուրանոցներն ու հյուրընկալության ոլորտի այլ հաստատությունները կկարողանան վերսկսել իրենց աշխատանքը: Միևնույն ժամանակ, Քվրիվիշվիլին խոստանում է, որ պետությունը կտրամադրի առավելագույն աջակցություն բոլոր նոր դրույթների արագ իրականացման համար:

Ներկա դրությամբ Վրաստանը Եվրոպայում ամենաբարենպաստ երկրներից մեկն է` կորոնավիրուսային տարածման ցածր տեմպերի և կորոնավիրուսով հիվանդների արդյունավետ կառավարման առումով: Ներկայումս երկրում կորոնավիրուսով 196 հիվանդ է շարունակում բուժումը, գրանված է 12 մահացու ելք, 522-ը բուժվել են, որը փետրվարի 26-ից ի վեր հաստատված բոլոր դեպքերի գրեթե 72%-ն է:

Հաշվի առնելով համաճարակաբանական բարենպաստ իրավիճակը, արտակարգ դրությունը երկրում չեղարկվել է մայիսի 23-ից: Սակայն, Վրաստանում պահպանվում են բազմաթիվ սահմանափակումներ: Այսպիսով, օրինակ, հասարակական տրանսպորտը և միջքաղաքային ուղևորափոխադրումները ամբողջությամբ դադարեցված են: Փակ են առևտրի կենտրոնները, խաղատները, հյուրանոցները, դրամափոխանակման կետերը, ռեստորանները և սրճարանները:

Այս դրույթների վերջնաժամկետն է հուլիսի 15-ը: Միևնույն ժամանակ, կառավարությունից պարզաբանում են, որ եթե համաճարակաբանական իրավիճակը թույլ տա, ապա դրանք չեղյալ կհայտարարվեն ավելի վաղ: