Ախալքալաքի Ռուբեն Տեր-Մինասյանի անվան №5 հանրային դպրոցում աշակերտների թիվը ավելացել է 5-ով, սակայն այդ ավելացումը դեռ չի լուծել դպրոցի Ֆինանսական խնդիրը:
Վրաստանում դպրոցի բյուջեն կազմվում է աշակերտներին տրվող վաուչերների գումարներից, հետևաբար այն կախված է աշակերտների քանակից:
Ըստ վաուչերային համակարգի, այն դպրոցներին, որտեղ աշակերտների թիվը 160-ից ավելին է, առաջինից 6-րդ դասարանցիների համար տրվում է 340 լարի յուրաքանչյուրին , իսկ ավելի բարձր դասարանցիներին՝ 400 լարի: Սակայն մինչև 160 աշակերտ ունեցող դպրոցներին բաշխվում է միաձև՝ յուրաքանչյուր աշակերտի համար 340 լարի:
Այս տարի Ախալքալաքի Ռուբեն Տեր-Մինասյանի անվան թիվ 5 հանրային դպրոցը 6 առաջին դասարանցի է ընդունել, և 11 տարբեր դասարանի աշակերտ, ովքեր տեղափոխվել են այլ դպրոցներից: Ուսումնական անցած տարում դպրոցն ավարտել է 12 շրջանավարտ: Արդյունքում անցած տարի դպրոցը ունեցել է 96 աշակերտ, իսկ այս տարի՝ 101:
«Եթե մենք 160-ից ավելի աշակերտ ունենանք իհարկե մեր վիճակը ավելի բարվոք կլինի և կողմնակի նախաձեռնությունների համար գումար կհատկացվի», – ասում է դպրոցի տնօրեն Էմմա Նահատակյանը:
Բացի ֆինանսական խնդրից տնօրենի խոսքով քիչ աշակերտների դեպքում բացակայում է միմյանց միջև մրցունակությունը, որը ավելի է ուժեղացնում ձգտումը դեպի ուսում:
Սակայն մյուս կողմից քիչ աշակերտներով դաս անելու դեպքում, հատկապես անհատական մոտեցման դեպքում կրթության որակն է բարձրանում:
Տեր Թադեոսը ընտանիքով Գյումրուց տեղափոխվել է Ախալքալաք և իր երկու որդիներին էլ ուղարկում է Տեր-Մինասյանի անվան թիվ 5 հանրային դպրոց, գտնելով, որ դասարանում աշակերտների քիչ լինելը կնպաստի երեխայի լավ սովորելուն:
Մեզ հետ զրույցում Տեր Թադեոսը ասաց. «Փոքր տղաս՝ Արամը առաջին դասարանում է սովորում, իսկ մեծը՝ Գրիգորը երրորդ: Գրիգորին տեղափոխել ենք թիվ 4 դպրոցից, այնտեղ 2-րդ հերթով էր դասի գնում ու չէինք հասցնում ժամանակի առումով: Նոր դպրոցից և ուսուցիչներից շատ գոհ է, միայն վրացերենից է դժվարանում, սակայն ուսուցչին խնդրել ենք և նա օգնում է»:
Սակայն նույն կարծիքին չէ Զարուհին, ով իր երեխային չի ուղղարկել թիվ 5 դպրոց այն պատճառով, որ դպրոցը բավականին հեռու է և գտնվում է համեմատաբար ոչ բարվոք վիճակում:
«Ծնողները երեխաներին մեր դպրոց չեն ուղարկում, պատճառաբանելով դպրոցի նախկին գիշերօթիկ լինելու փաստը», – ասում է Էմմա Նահատակյանը հավելելով:
Սակայն վերջին տարում ավելացել է որակը հարմարավետությունից բարձր դասող ծնողների քանակը, ովքեր երեխաներին տեղափոխել են Ռուբեն Տեր-Մինասյանի անվան հանրային դպրոց:
«Մեր դպրոց են տեղափոխել երեխայի, ով ոչ խոսում էր, ոչ էլ շփվում, սակայն մանկավարժի ջանքերի շնորհիվ երեխան սկսեց շփվել և այնքան խոսել, որ ծնողներին ենք բողոքում», – կես լուրջ, կես հումորով ասաց Էմմա Նահատակյանը:
Այնուամենայնիվ դպրոցում աշակերտների նվազ քանակը այսօր փոքր դպրոցի մեծ խնդիրներից մեկն է:
Ջուլիետա Տոնականյան