Վրաստանում այլևս չի գործում արտակարգ դրությունը և այսպես կոչված պարետային ժամը: Ըստ այդմ՝ գիշերվա ժամերին քաղաքացիները կարող են սովորականի պես տեղաշարժվել: Սակայն, երկրում դեռևս մնում են մի շարք սահմանափակումներ, որոնք գործարկվել են կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներում:
Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին, այն պայմաններում, երբ վիրուսը ամբողջությամբ հաղթահարված չէ, կառավարությունը դեռ ստիպված է ձեռնարկել ակտիվ միջոցառումներ:
Ըստ նրա՝ երկրում որոշակի կանոնակարգերի առկայությունը կարևոր է, որպեսզի քաղաքացիների անվտանգությունը, կյանքը և առողջությունը վտանգված չլինեն:
«Այսօր, երբ շատ երկրներում շարունակվում է արտակարգ դրությունը, և համավարակը շարունակվում է մնալ ակտիվ փուլում, երկրում ձեռնարկված համատեղ քայլերն ու միջոցառումները թույլ տվեցին մեզ խոսել արտակարգ դրության չեղարկման, ինչպես նաև այլ սահմանափակումների փուլ առ փուլ վերացման մասին: Ինչպես գիտեք, վարչապետի գլխավորած համակարգող խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը մայիսի 23-ին, այսինքն՝ այսօր ժամը 00:00-ից, և, համապատասխանաբար, չեղյալ է հայտարարվում նաև պարետային ժամը:
Չնայած դրան, հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, երբ դեռ վիրուսը հաղթահարված չէ, մենք կրկին պետք է ակտիվ միջոցառումներ ձեռնարկենք` COVID-19- ի տարածումը դադարեցնելու համար: Չափազանց կարևոր է, որ երկրում գոյություն ունենան որոշակի կանոնակարգեր, որպեսզի ամենակարևոր արժեքը՝ մեր քաղաքացիների անվտանգությունը, կյանքը և առողջությունը, չվտանգվի», – հայտարարել է Իրակլի Չիքովանին:
Վրաստանում արտակարգ դրությունը հայտարարվել էր 2020 թվականի մարտի 21-ին, իսկ այսպես կոչված պարետային ժամը երկրում գործում էր մարտի 31-ից: