Արտագնա աշխատանք Ռուսաստանում, արժեզրկված ռուսական ռուբլի, կուտակված վարկեր բանկերում ու պարտքեր հարազատներին: Խնայողություններ և հարաբերական անդորր Ախալքալաքի շուկայում:
Ձմռան նախաշեմին «լցվում են» ջավախքցիների ընտանիքները: Աշխուժանում են փողոցները, առևտուրը: 6-8 ամսվա բացակայությունից հետո խոպանչիները՝ տղամարդիկ տուն են վերադառնում: Ի տարբերություն նախորդ տարիների այս տարի մի տեսակ հանգիստ է Ախալքալաքում: Չնայած փողոցներում ավտոմեքենաների քանակը աճել է, սակայն շուկայում աշխուժություն դեռ չի զգացվում: Ախալքալաքի շուկայում կանաչի վաճառող կնոջ խոսքով առևտուրը «մարած» է:
«Մարդիկ փող չունեն, որտեղից առևտուր անեն: Ռուսաստանից բերած փողը ջրի արժեք չունի: Մարդիկ վարկերի տակ են, հնարավորինս խնայում են: Անցած տարի այս օրերին 150-180 լարիի առևտուր էի անում, հիմա 60-80 լարիի որ անում եմ, փառք եմ տալիս Աստծուն»,- ասաց կանաչի վաճառող կինը, չցանկանալով ներկայանալ:
Ջավախքցու հիմնական եկամուտը գոյանում է հենց արտագնա աշխատանքից: Ռուբլու արժեզրկումից հետո ջավախքցիները հայտնվեցին դժվարին դրության մեջ: Արժեզրկմանն ավելացավ ևս մեկ խնդիր՝ մարդիկ ամբողջ տարին աշխատեցին, սակայն տուն վերադարձան գրեթե դատարկաձեռն:
«Աշխատել ենք, բայց փող չենք ստացել, հազիվ վառելիքի ու ալյուրի փող ենք տուն բերել: Գործ կար, բայց փող չկար»,- ասաց Աշոտը, Գոման գյուղից չցանկանալով նշել ազգանունը:
Կանայք միմյանց աչքալուսանք են տալիս ու հարցնում «բարով է եկել, թե փարով»: Այս տարի շատերը, ինչպես իրենք են ասում «բարով են» եկել:
2014 թվականի աշնանը ռուսական ռուբլին արժեզրկվեց, մարդիկ կարիքից դրդված սկսեցին պարտքեր կուտակել: Շատերը հուսահատված ռուսական ռուբլին պահում էին և բանկերից վարկով լարի վերցնում առօրյա ծախսերը հոգալու համար, հույս ունենալով որ մի օր ռուբլին կվերականգնի իր նախկին արժեքը:
Նարինեի ընտանիքը 5 անդամից է բաղկացած: Նրանք ապրում են ամուսնու ուղարկած գումարով և հողամասից ստացած եկամտով:
«Ամուսինս Ռուսատանում է աշխատում, հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում: Ռուսականն իջավ ձմռան տակից դուրս գալու համար անցած տարի բանկից վարկ վերցրեցինք ու մինչև հիմա չենք կարողանում փակել: Փողը արժեք չունի, ինչ անենք», – ասաց Նարինե Չոկանդարյանը:
Ռուբլի-դոլար-լարի այս եռանկյունու տարբեր անկյուններում հայտնված մարդիկ ամեն կերպ ելք են փնտրում: Նրանցից յուրաքանչյուրն ապրելու իր բանաձևն է փնտրում:
Աղունիկ Այվազյան