Համավարակի ընթացքում Վրաստանում Ռիչարդ Լուգարի անվան լաբորատորիայի վերաբերյալ տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունը կրկին արդիական են դարձել: Մի կողմից, օտարերկրյա որոշ աղբյուրներ, հիմնականում՝ ռուսական, տեղեկատվություն էին տալիս այն մասին, որ հենց այս լաբորատորիան է նպաստում կորոնավիրուսի տարածմանը: Վրաստանում էլ, հատկապես համավարակի ժամանակ, թարմացվեց լաբորատորիայի կարևորության մասին տեղեկատվությունը: Ախալքալաքում, որի նկատմաբ կարծիք է ձևավորվել, որ բնակչությունը հեշտորեն է տրվում ապատեղեկատվությանը, Լուգարի լաբորատորիայի մասին առասպելներին առանձնապես չեն հավատում և դրանցով չեն հետաքրքրվում:
Սենատոր Ռիչարդ Լուգարի անվան հասարակական առողջապահության հետազոտական կենտրոնը կառուցվել է Թբիլիսիի արվարձանում, օդանավակայանից ոչ հեռու, 2011 թ.-ին, ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ: 2013 թվականից այն աշխատում է լրիվ բեռնվածությամբ: Սկզբում այն գտնվում էր Պաշտպանության նախարարության ենթակայության տակ, ավելի ուշ՝ ՆԳՆ-ի, իսկ ներկայումս՝ Առողջապահության նախարարության:
Ժամանակ առ ժամանակ Վրաստանի բնակիչների շրջանում անվստահություն և վախ առաջացնելու նպատակով լաբորատորիայի մասին տարբեր լուրեր են տարածվում: Համավարակի ընթացքում Լուգարի լաբորատորիայի թեման կրկին դարձավ արդիական: Վրացական լրատվամիջոցները սկսեցին քննարկել դրա կարևորությունը համաճարակաբանական իրավիճակում, և տեղեկատվություն էր տարածվում ինչպես դրական, այնպես էլ բացասական տեսակետից:
Փորձագետ Լաշա Տուղուշին ասում է, որ Լուգարի լաբորատորիայի գործունեության նկատմամբ բացասական վերաբերմունքն ասվում է ռուսական քարոզչության ճնշման ներքո:
«Այնտեղ կան շատ լավ գիտական մշակումներ: Մենք քաղաքակիրթ երկիր ենք, պետք է ունենանք նման լաբորատորիաներ: Սա շատ լավ, բարձր մակարդակի լաբորատորիա է, այն մեզ հնարավորություն է տալիս զարգանալ որպես երկիր, որը պետք է ունենա գիտություն: Այս լաբորատորիան մեզ շատ օգնեց, այնտեղ թեստեր են կատարվում: Մենք միշտ բոլորին հրավիրում էինք գալ և տեսնել, այնտեղ ոչ մի գաղտնիություն չկա, իսկ ինչու ոչ ոք ապացույցներ չի ներկայացրրել: Նույնիսկ եկան, տեսան և ոչինչ չգտան: Մենք բաց երկիր ենք և պետք է ունենանք ֆիզիկայի և քիմիայի նմանատիպ լաբորատորիաներ », – ասում է Լաշա Տուղուշին:
Ախալքալաքում Լուգարի լաբորատորիային հանգիստ են վերաբերում: Jnews- ը փորձեց պարզել ախալքալաքցիների կարծիքը հետազոտական կենտրոնի վերաբերյալ, և թե լաբորատորիայի մասին որ տեղեկություններն են այստեղ ավելի տարածված: Որին են հավատում, իսկ որին` ոչ: Եվ արդյոք Վրաստանում covid-19- ի շուրջ իրադարձությունների զարգացումը կապված է այս լաբորատորիայի հետ:
Ախալքալաքում շատերը նույնիսկ չէին լսել Լուգարի լաբորատորիայի մասին, իսկ ոմանք էլ նախընտրեցին չարտահայտել իրենց կարծիքը: Այնուամենայնիվ, գտնվեցին այնպիսիք, ովքեր լսել էին, կարդացել և ինչ-որ բան գիտեին լաբորատորիայի մասին:
«Լսել եմ, որ ամերիկացիներն են բացել այս լաբորատորիան, ինչ նպատակների է այն ծառայում և կապված է կորոնավիրուսի հետ, թե չէ, չգիտեմ»:
«Երկու տարի առաջ եմ լսել Լուգարի լաբորատորիայի մասին, նորմալ եմ վերաբերվում նրան: Ի վերջո, Ամերիկան լաբորատորիա բոլոր երկրներում չի ստեղծել, բայց, այնուամենայնիվ, այնտեղ անալիզներ անում են, ինչպես են անալիզներ անում Հայաստանում, Ռուսաստանում, չնայած որ այդ երկրներում այդպիսի լաբորատորիաներ գոյություն չունի»:
«Ես գիտեմ, որ այնտեղ ուսումնասիրում են վիրուսային հիվանդություններ, ես նորմալ եմ վերաբերում: Վերջերս ինչ-որ հաճախ են այդ մասին խոսում»:
«Լաբորատորիա է էլի իրա համար: Ես այդքան էլ չեմ հավատում խոսակցություններին, անտարբեր եմ վերաբերվում, մարդիկ աշխատանք են ստացել այնտեղ, բայց չեմ հավատում նրան, որ եթե չլիներ լաբորատորիան, մեր երկրում կորոնավիրուսի առումով շատ ավելի վատ վիճակ կունենայինք»:
«Ես գիտեմ, որ Լուգարը գիտահետազոտական լաբորատորիա է, կենսաբանական լաբորատորիա, նրանք մարդկանց վրա փորձեր են կատարում, նաև պատվաստումների տեսքով փորձեր: Կորոնավիրուսի թեմայի առումով կարծում եմ, որ Վրաստանի հաջողությունը կապված է այս լաբորատորիայի աշխատանքի հետ, որը, հավանաբար, օգնել է շուտ հաղթահարել այն: Բայց ես շատ վատ եմ վերաբերում նրան, որ մարդկանց վրա փորձ են կատարում, մարդիկ դարձել են սպառման օբյեկտ, դա անմարդկային է և ոչ քրիստոնեական»: