Վրաստանում սկսվել է մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողների գրանցումը, հայտնում է կառավարության վարչակազմը:
Գրանցումը կտևի մինչև օգոստոսի 10-ը: Վրաստանում մասնավոր և պետական արհեստագործական քոլեջները ուսանողներին կընդունեն 120 մասնագիտական ուղղություններում:
Այս տարի 10 արհեստագործական քոլեջներն առաջին անգամ կընդունեն նրանց, ովքեր դպրոցում ավարտել են 9-րդ դասարանը: Դասընթացն արհեստագործական ուսումնարանում ավարտելուց հետո այդպիսի ուսանողները կստանան դիպլոմ, որը հավասարազոր է 12 դասարանի դպրոցական ատեստատին:
Մշակվել է նաև ուսանողների ընդունելության նոր մոդել, որի շնորհիվ հատուկ կարիքներ ունեցող և սոցիալապես անապահով ուսանողները հնարավորություն կունենան օգտվել մասնագիտական ուսումնարաններից:
Այն ծրագրերը, որոնց համար մրցույթ չի լինի, ցանկացողները կկարողանան ընդունվել առանց քննություն հանձնելու:
Գրանցվել և հավելյալ տեղեկություններ ստանալ հնարավոր է այստեղ՝
Համաձայն վերջին տվյալների՝ 2016 թվականին Վրաստանում արհեստագործական ուսումնարանների շրջանավարտների զբաղվածության մակարդակը կազմել է 56%, 2017-ին՝ 60%, իսկ 2018-ին՝ 62%:
Կրթության նախարարությունում վստահ են, որ մասնագիտական ուսումնարանների շնորհիվ հնարավոր է արագ պատրաստել աշխատաշուկայում աշխատուժի առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով մասնագետների:
Կորոնավիրուսի համավարակի ֆոնի վրա, Վրաստանում գործող արհեստագործական ուսումնարանների մի մասն անցել է հեռավար աշխատառեժիմի: Մարտ-ապրիլ ամիսներին ակտիվ դասընթացներ անցկացվեցին ուսանողների համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են IT ծրագրերը, օտար լեզուները, հաշվապահությունը, հյուրանոցային և վաճառքի մարկեթինգը:
Հեռավար ռեժիմով արհեստագործական քոլեջների ղեկավարությունը պատրաստվում է ուսանողների աշնանային ընդունելությանը, արդեն սկսվել է համապատասխան ծրագրերի մշակումը:
Արհեստագործական ուսումնարաններում ուսանողների երկարաժամկետ ծրագրերի գրանցումը սկսվել է մայիսի 20-ին, իսկ ուսումը նախատեսվում է սկսել հոկտեմբերի 12-ին: Նախատեսվում է հատկացնել 8,7 հազար տեղ: Այն ծրագրերը, որոնք ընդհատվել են արտակարգ դրության պատճառով, կվերականգնվեն սահմանափակումների մեղմացման չորրորդ փուլում:
137 վերապատրաստման ծրագրերի կարճաժամկետ դասընթացների համար հատկացվել է 2,5 հազար տեղ:
Կրթության նախարարությունը կազմավորել է նաև 17 ոլորտային ցանցեր, առցանց հարթակներ, որոնցում միավորված են միևնույն մասնագիտության տեր ուսուցիչները (օրինակ՝ գյուղատնտեսական ցանց, տուրիստական ցանց, շինարարական ցանց և այլն):
Նյութը՝ «bizzone.info»-ից